Մատչելիության հղումներ

Վաֆա Գուլուզադե. «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ուղղակիորեն կախված է ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցումից»


Ադրբեջանի արտաքին քաղաքականության հարցերով նախկին պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեի կարծիքով, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ուղղակիորեն կախված է ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցումից:

«Հայաստանը այն պետությունը չէ, որը մեզ դիմակայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում», - ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի հարցազրույցում հայտարարել է Գուլուզադեն: - «Իրականում այդ պետությունը Ռուսաստանն է, իսկ Հայաստանը միայն գործիք է նրա ձեռքին»:

Գուլուզադեն վստահ է, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում Ադրբեջանի նկատմամբ վերջինի՝ եվրոատլանտյան կառույցներում ինտեգրման գործընթացի «բավական հաջող զարգացման» հետ կապված. - «Ռուսաստանը, որը զգուշանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր մերձեցումից, ձգտում է օգտագործել ցանկացած տարբերակ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու համար»:

Նա համոզմունք է հայտնել, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ներկայացնող միջնորդները, «ոչ մի կապ չունենալով այդ երկրների ղեկավարության հետ, ուղղակի ինքնագործունեությամբ են զբաղվում»:

«Նրանք հիանալի հասկանում են ներկայիս պայմաններում կարգավորման անհեռանկարայնությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախկին պետխորհրդականը: - «Այդ իսկ պատճառով, ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին բավական լավատեսական հայտարարությունները ես համարում եմ պարզապես շահարկում: Համանախագահների գործունեությունը ընդամենը շոու է»:

Նախկին պետխորհրդականը ակնկալիքներ չունի նաեւ համանախագահների հերթական այցից եւ նախագահների՝ Մինսկում սպասվող հանդիպումից. - «Համանախագահների այցից բացարձակապես պետք չէ սպասել նոր առաջարկներ: Նրանց բոլոր առաջարկները, ինչպես եւ կողմերի դիրքորոշումները, քաջ հայտնի են»:

Այնուամենայնիվ, ըստ Վաֆա Գուլուզադեի, «կարգավորման հույսեր կան եւ դրանք կապված են դեպի Կովկաս ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման եւ ռուսական կայսրության փլուզման հետ». - «Իսկ այդ ժամանակները սարերի հետեւում չեն: Նավթի գների աճը, որով պայմանավորված է այդ կայսրության ներկայիս գոյությունը, հավերժ չէ: Իսկ ամերիկացիները, իրաքյան ճգնաժամից արագ դուրս գալուց հետո, ուղղակիորեն կզբաղվեն Ռուսաստանով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG