Մատչելիության հղումներ

Հենրի Քիսինջեր. «Իրաքում ռազմական հաղթանակ հնարավոր չէ»


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերը BBC բրիտանական ռադիոկայանին երեկ երեկոյան տված հարցազրույցում ասել է, որ հարկ է հրավիրել միջազգային խորհրդաժողով, որի օրակարգում կլինի Իրաքի խնդիրը: Նրա համոզմամբ, Վաշինգտոնը եւ Լոնդոնը պարտավոր են վերանայել Իրաքի հարցում որդեգրած ռազմավարությունը:

83-ամյա փորձառու դիվանագետի կարծիքով, «Իրաքում իրավիճակն ամբողջությամբ դառնում է անվերահսկելի, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Մերձավոր Արեւելքի համար»:

«Անհրաժեշտ է հրավիրել միջազգային հանդիպում, որին կմասնակցեն Իրաքի հարեւանները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, ինչպես նաեւ երկրներ, որոնք խիստ շահագրգռված են խնդրի կարգավորմամբ, օրինակ, Հնդկաստանն ու Պակիստանը», - ասել է ամերիկացի դիվանագետը:

«Արդյոք կարելի՞ է հաղթել Իրաքում» հարցին Հենրի Քիսինջերը պատասխանել է. - «Իրաքում ռազմական հաղթանակ հնարավոր չէ: Եթե նկատի ունեք հաղթանակ, որի արդյունքում Իրաքի կառավարությունը կարճ ժամանակում ի զորու կլինի ամբողջությամբ հսկողության տակ առնել երկիրը, վերջ դնել քաղաքացիական պատերազմին եւ կրոնական համայնքների բախումներին, կարծում, դա հնարավոր չէ»:

Նա ասել է, որ «քաոսն Իրաքում կարող է չափազանց վատ հետեւանք ունենալ, մենք դրա համար շատ ծանր գին կվճարենք եւ գուցե դեռ երկար ժամանակ չենք կարողանա դուրս գալ այդ տարածաշրջանից»:

Քիսինջերը Վաշինգտոնին հորդորում է նաեւ երկխոսություն սկսել Իրանի հետ՝ շեշտելով, որ չափազանց վտանգավոր իրավիճակ կստեղծվի, եթե այդ երկրի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը մնա չլուծված:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG