Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 18-ը նոյեմբերի)


«Հայաստանի Հանրապետություն»-֊ը տպագրել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հարցազրույցը «Ռեգնում» գործակալությանը: «Հանրապետական կուսակցությունը Հայաստանում գրանցված առաջին կուսակցություններից մեկն է եւ արդեն գործում է մոտ 16 տարի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միայն հայտարարել է իր ստեղծման մասին, եւ պատգամավոր Գագիկ Ծառուկյանից բացի ես ծանոթ չեմ որեւէ քաղաքական գործչի հետ, որն այդ կուսակցության կազմում է», ֊- ասում է վարչապետը՝ ավելացնելով. ֊- «Այսօր, բացի բարեգործական եւ մշակութային բնույթի միջոցառումներից, «Բարգավաճ Հայաստան»-ը կամ էլ նրա հետ կապված անձինք չեն իրականացնում որեւէ գործունեություն, առավել եւս՝ քաղաքական: Այդ պատճառով ինձ համար դժվար է գնահատական տալ այդ կուսակցության քաղաքական գործունեությանը»:

«Գոլոս Արմենիի» թերթը գրում է. - «Երեք տարի է անցել այն պահից, երբ կառավարությունն սկսեց լավ գովազդված արշավը կաշառառության դեմ, որը հիմնվում էր 2003 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի վրա: Ինչպես վկայում են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության վերջին ուսումնասիրությունները, ոչ մի դրական արդյունքի այդ ծրագրի կատարումը չի հանգեցրել»: Թերթի հոդվածի ենթավերնագիրն է՝ «Հայաստանը շարունակում է մնալ չափազանց կոռումպացված երկիր»:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Առավոտ»֊-ում կարծիք է հայտնում. ֊- «Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու է Սերժ Սարգսյանին վարկաբեկելը, որովհետեւ նա հասարակության ենթագիտակցության մեջ ընկալվում է որպես Քոչարյանին համահավասար քաղաքական դեմք, որը կարող է նախագահի պաշտոնում փոխարինել Ռոբերտ Քոչարյանին: Քոչարյանը նպատակաուղղված ոչնչացնում է Սերժ Սարգսյանի այդ իմիջը, որպեսզի Հայաստանում իրեն հավասար համարվող գործիչ չլինի, եւ հասարակությունը վարկաբեկված գործիչների մեջ ստիպված լինի Քոչարյանին համարել միակ հնարավոր թեկնածուն: Հիմա, կարծում եմ, Քոչարյանն աշխատում է պայմաններ ստեղծել երրորդ ժամկետում եւս առաջադրվելու համար»:

«Ժամանակ Երեւան»-ը նկատում է. - «Եթե երկու տարի առաջ Իսպանիա, Ֆրանսիա կամ այլ երկիր անլեգալ մեկնելու համար հայաստանցին վճարում էր 2700 դոլար, ապա ներկայումս գները կրկնակի աճել են: Իսկ Ամերիկա մեկնել արդեն ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ, քանի որ մեկնելու համար պահանջվում է դրամապանակը դատարկել մինչեւ 18 հազար դոլարի սահմանում: Նման բան հազիվ թե հնարավոր լիներ իրականացնել առանց որոշ պատասխանատու պաշտոնատար անձանց»:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «168» ժամ թերթում կարծիք է հայտնում. ֊- «Պետք չէ ասել, որ մենք ուզում ենք եվրոպացի դառնալ: Սա կեղծ է: Ասիականը մեր մարդաբանական տիպն է: Ուրեմն, մեր պատմական ֆունկցիան կարող էր լինել քաղաքակրթությունների միջեւ միջնորդի դեր ստանձնելը: Գլոբալիզացիան ինտենսիվ փոխանակումն է: Ոչ ոք չի հանդուրժի մի ազգ, որն ուզում է աշխարհի վրա բարդել իր պրոբլեմներն ու ստանալ ամեն ինչ: Դա զզվեցնում է, այդ փոքր խորամանկությունը դարձնում է ատելի: Ոչ ոք չի հանդուրժի մի ազգ, որը չի ուզում լեզու գտնել իր հարեւանների հետ, բայց ուզում է անպայման հարեւանություն անել իր հարեւանների հարեւանների հետ: Սա նշանակում է՝ գեոպոլիտիկա չկա, եւ քանի դեռ մեր գլխին չեն խփել, նշանակում է՝ մեր բախտն է բերել»:

«Չորրորդ իշխանություն»֊-ը տպագրել է «Օրենք պատգամավորական էթիկայի մասին», որտեղ ասված է.֊ - «Հոդված 1. Պատգամավորները պարտավոր են ԱԺ նիստերին ներկայանալ կոկիկ հագնված եւ սթափ վիճակում: Հոդված 3. Պատգամավորներն իրենց գործընկերներին հանձնում են արդարադատության ձեռքը միայն փակ-֊գաղտնի քվեարկությամբ՝ Արմենչիկի կողմից նախապես սահմանված կարգով: …. Հոդված 8. ԱԺ նիստերի քվորումն ապահովում են. ա. ԱԺ նախագահն ու փոխնախագահները, բ. Գալուստ Սահակյանը, գ. Ալրաղացի Լյովը»:

«Հայք»֊-ը պնդում է, թե Մարզահամերգային համալիրում Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ ուսանողի օրվան նվիրված համերգին մասնակցող ռուսական էստրադայի աստղերի՝ Ժասմինի եւ «Տատու»֊-ի փոխարեն իրականում հանդես են եկել նրանց նմանակները:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG