Մատչելիության հղումներ

Կուրտ Վոլքեր. «Հայաստանը ինքը պետք է որոշի, թե որքանով է խորացնելու հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»


ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի առաջին օգնական Կուրտ Վոլքերը ուրբաթ օրը կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է ինքը որոշի, թե որքանով է ցանկանում խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

«Մեր խնդիրն է, որ երկիրը լինի ժողովրդավարական, ունենա շուկայական տնտեսություն, աշխատի կոռուպցիայի վերացման ուղղությամբ, իսկ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հարցը պետք է որոշի տվյալ երկիրը», - ասաց Վոլքերը:

Նա հայտնեց, որ նոյեմբերի 28-ին Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որեւէ երկիր Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հրավեր չի ստանա: Անդամակցության հրավերները, ըստ Վոլքերի, երկրներին կուղարկվեն 2008 թվականին:

Խոսելով Վրաստանի մասին` ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի առաջին օգնականը ասաց. - «Մենք ողջունում ենք Վրաստանի ձգտումը խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերին Վրաստանը հրավիրվել էր ՆԱՏՕ-ի հետ «ինտենսիվ երկխոսության»:

«Առայժմ պարզ չէ, թե որ երկրները կհրավիրվեն 2008 թվականին, բայց մեր դռները բաց են», - եզրափակեց Կուրտ Վոլքերը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG