Մատչելիության հղումներ

Անթալիայում գումարվում է թրքալեզու երկրների գագաթնաժողովը


Թուրքիայի Անթալիա քաղաքում ուրբաթ օրը գումարվում է թրքալեզու պետությունների հերթական գագաթնաժողովը, որին մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղրղըզստանի եւ Ղազախստանի ղեկավարները:

Քաղաքական մեկնաբանները ենթադրում են, որ գագաթնաժողովը քննարկելու է երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները եւ միջազգային քաղաքականության, այդ թվում հակամարտությունների հարցը:

Չի բացառվում, որ կընդունվի ամփոփիչ հռչակագիր, որում անդրադարձ կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվից Անթալիա է մեկնել հինգշաբթի օրը: «Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ, Անթալիայի օդանավակայանում Ալիեւին դիմավորել են Թուրքիայի պետական նախարար Մեհմեթ Այդինը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա կավարտվի նոյեմբերի 18-ին:

Թրքալեզու պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը գումարվել է Թուրքիայի նախագահ Թուրգութ 0զալի նախաձեռնությամբ 1992 թվականի հոկտեմբերի 30-31-ը Անկարայում: Հետագայում թրքալեզու պետությունների գագաթնաժողովներ են անցկացվել Ստամբուլում, Տաշքենդում եւ Աստանայում: Վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2000 թվականի ապրիլի 8-ին Ադրբեջանի մայրաքաղաքում, որտեղ մասնակիցներն ընդունել են «Բաքվի հռչակագիրը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG