Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթը ներկայացնում է հարցազրույց Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանի հետ՝ «Թույլ մարդը պետք է փոքր լճալում լողա» վերնագրով: «Եթե քաղաքական դաշտը առողջ լիներ, այսքան փշուր կուսակցություններ չէին առաջանա», - ասում է Վազգեն Մանուկյանը: - «Բայց, հակառակը, անընդհատ տրոհումներ են լինում: Մարդիկ քաղաքական ճանապարհով չեն կարողանում ինքնահաստատվել, չեն կարողանում իշխանության դեմ պայքարել, սկսում են իրենց կուսակցության ներսում իրար դեմ պայքարել»:

Պնդելով, թե ղարաբաղյան բանակցային գործընթացում «մինչեւ տարեվերջ «ճեղքման» հավանականությունը գրեթե զրոյական է»` «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն այսօր փաստել է. - «Թեեւ Ռուսաստանին «օդի ու ջրի» նման անհրաժեշտ է սիրաշահել Ադրբեջանին՝ առաջիկա ձմռանը Վրաստանի շուրջը սեղմվող էներգետիկ շրջափակման օղակն ամբողջացնելու համար, սակայն Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման դեպքում նա կարող է զրկվել ոչ միայն Վրաստանից, այլեւ ողջ տարածաշրջանից։ Ավելին՝ նման պարագայում հարցականի տակ կարող է դրվել նաեւ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության հարցը՝ ռուսական հենակետերը ամերիկյան շրջափակման մեջ հայտնվելու պատճառով: Այսպիսով, քանի դեռ Վրաստանի շուրջ ծավալվող իրադարձությունները չեն հասել իրենց վերջնական հստակեցմանը, անլուրջ է մտածել Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումների վերանայման մասին»։

Անդրադառնալով «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Ազգային ժողովի ընդունած օրենքի նկատմամբ հասարակության արձագանքին` «Չորրորդ իշխանություն» թերթն այսօր արձանագրել է. - «Պետական կարիքներից տուժածներն այդպես էլ չհասկացան, որ Սահմանադրական դատարանի բակում օմբուդսմենին ծափահարելով հարց չի լուծվելու, ինչպես չի լուծվելու Ազգային ժողովի պատգամավորներին ամոթանք տալով։ Ե'վ խորհրդարանական մեծամասնությունը, ե'ւ օմբուդսմենը Քոչարյանի «աշխատողներն են» եւ շեֆի հրամանը կատարելու են», - գրել է թերթն ու հավելել. - «Եթե տուժածներին բարոյական հաղթանակ է պետք՝ խնդրեմ՝ թող Տիգրան Թորոսյանի նկարը փակցնեն դրոշին եւ քայլարշավ կազմակերպեն»։

Գրելով, թե Սահմանադրական դատարանի երեկ ընդունած որոշումից հետո ֆիզիկական եւ իրավաբանական անձինք «կարող են դատարաններում բողոքարկել Հայաստանի կառավարության եւ Ազգային Ժողովի որոշումներն ու նախագահի հրամանագրերը, որոնք ընդունվել են օրենքի խախտմամբ»` «Հայկական ժամանակ»-ն այսօր նկատել է, թե «այդ որոշումը կարող է նաեւ լուրջ քաղաքական զարգացումների առիթ դառնալ». - «Իրավական նոր պայմաններում ընդհանուր իրավասության դատարանում կարող է բողոքարկվել, ասենք, Ազգային ժողովի 2000 թվականի ապրիլի 4-ի որոշումը, որով խորհրդարանը համաձայնություն էր տվել նախկին գումարման ԱԺ պատգամավոր Վանո Սիրադեղյանի խափանման միջոցը կալանքի փոխելու առաջարկությանը: Կոնկրետ այս դեպքում խնդիրն այն էր, որ Ազգային ժողովը նման լիազորություն չուներ, քանի որ համապատասխան քրեական գործը գտնվում էր դատաքննության փուլում»։

«Իրավունք» շաբաթաթերթը, հղում անելով կառավարության իր աղբյուրներին, այսօր գրել է, թե «վարչապետի հրահանգը՝ պետական պաշտոնյաների եւ նրանց հարազատների՝ Թուրքիա (Անթալիա) մեկնելու արգելանքի վերաբերյալ, որն ամռանը եւ «թավշյա սեզոնին» հարուցել էր չինովնիկների տարակուսանքը, պայմանավորված է ոչ թե ՀՀ քաղաքացիների անվտանգությամբ մտահոգվելով կամ հայրենասիրական մղումներով, այլ ընդամենը նպատակ է հետապնդում խրախուսելու վարչապետի դստեր բիզնեսը զբոսաշրջության ոլորտում»։ Ըստ թերթի աղբյուրի, «վարչապետի դուստրը պայմանագիր է կնքել Մալթայի համապատասխան կազմակերպության հետ, ընդ որում տվյալ ուղեգրերն ավելի էժան են, քան Անթալիայինը»։

Փաստելով, որ հատկապես վերջին օրերին մի տեսակ խառնաշփոթ է տիրում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում` «Իմ իրավունքը» թերթն այսօր արձանագրել է. - «Պատճառն այն է, որ ոստիկանները փորձում են ակտիվորեն կանոնակարգել մայրաքաղաքի երթեւեկությունը։ Այդ ակտիվությունն ունի իր արդարացումը. մայրաքաղաքի հատկապես կենտրոնական փողոցներում այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ տեղաշարժվելն այլեւս անհնար էր, իսկ առավոտյան խցանումները դառնում են անտանելի»: «Նախկինում խառնաշփոթ էր, որովհետեւ երթեւեկությունն անկանոն էր, իսկ այժմ խառնաշփոթ է, որովհետեւ փորձում են այն կանոնավորել», - եզրակացրել է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG