Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջին անգամ նշվեց Հանդուրժողականության միջազգային օրը


«Ցավում եմ, որ Հայաստանում նման կերպ հանդուրժողականության միջազգային օրն առաջին անգամն են նշում: Այն ավելիին էր արժանի, քանի որ հանդուրժողականությունը ժողովրդավարության կարեւոր տարր է», - ասաց հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ այսօր անցկացվող համաժողովի կազմակերպիչներից «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գերասիմ Բարսեղյանը: - «Տպավորություն է ստեղծվում, որ մեր հասարակությունը հանդուրժողականության խնդիր չունի, սակայն պետք է նկատել, որ սա սխալ կարծիք է: Դա արտահայտվում է հասարակության տարբեր ոլորտներում՝ սկսած քաղաքական ոլորտից մինչեւ գենդերային հանդուրժողականություն»:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Վալերի Տկաչուկը մեջբերեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խոսքերը հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ. - «Վերջին տարիներին նկատվում է անհանդուրժողականության, ծայրահեղության եւ բռնության կտրուկ աճ ամբողջ աշխարհում: Այս անհանգստացնող դրսեւորումը ավելի շատ բորբոքվում է ինքնության տարբերությունների ընդգծման աճող տենդենցով, քան կարծիքների ու շահերի տարբերություններով»:

Քոֆի Անանը իր ուղերձն ավարտել է կոչով. - «Հանդուրողականության այս օրը եկեք վերահաստատենք այն տեսակետը, որ բազմազանությունը՝ մտքի, հավատքի եւ գործի, թանկարժեք նվեր է եւ ոչ թե սպառնալիք, եւ եկեք փորձենք կառուցել ավելի հանդուրժող համայնքներ՝ պարուրված այս կարեւոր գաղափարով»:

«Մենք չենք հանդուրժում այն, ինչ հանդուրժում է քաղաքակիրթ աշխարհը, եւ հանդուրժում ենք այն, ինչ քաղաքակիրթ աշխարհը չի հանդուրժում: Օրինակ՝ ընտրակեղծիքներ, կոռուպցիա, դասալքությունը: Մեր հասարակությաունը կարծես իմունիտետ է ձեռք բերել այս ամենի նկատմամբ եւ կամ, մենտալիտետով լինելով նյութապաշտ, արդարացնում է դրանք», - իր զեկույցում գրել է «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ Լուսինե Հակոբյանը:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG