Մատչելիության հղումներ

Նինո Բուրջանաձե. «ԱՊՀ-ում Վրաստանի մնալու պատճառները գնալով պակասում են»


Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն այսօր Սանկտ Պետերբուրգում լրագրողներին հայտարարել է, թե ԱՊՀ-ում ոչինչ չի փոխվել դեպի լավը, եւ Վրաստանը այդ կազմակերպությունից դուրս է գալու այնքան շուտ, որքան դա օգտակար կլինի երկրի համար:

«Մենք եկել ենք այստեղ՝ մեկ անգամ եւս ինքներս համոզվելու, թե արդյոք իմաստ ունի՞ Վրաստանի մնալը այս կազմակերպությունում, եւ արդյոք այս կազմակերպությունը որեւէ ապագա ունի՞ առհասարակ», - հայտարարել է Բուրջանաձեն ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանից առաջ:

«Դժբախտաբար, ԱՊՀ-ում մեր մնալու պատճառները ժամանակի հետ գնալով պակասում են», - «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, ասել է Բուրջանաձեն:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը «սուբյեկտիվ» է որակել Վրաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունը ԱՊՀ-ի արդյունավետության մասին:

«Անշուշտ, խնդիրներ կան Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում, սակայն ԱՊՀ-ի մեջ մտնում են ավելի մեծ թվով երկրներ», - հայտարարել է Միրոնովը եւ հավելել. - «Եթե մենք ունենք չկարգավորված հարցեր երկկողմ հարաբերությունների շրջանակներում, մենք անհրաժեշտ ենք համարում դրանք քննարկել եւ լուծում գտնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG