Մատչելիության հղումներ

Թուրքական բանակը սառեցնում է հարաբերությունները Ֆրանսիայի հետ


Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Իլքեր Բաշբուղը հայտարարել է, թե թուրքական բանակը սառեցրել է իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ՝ ի պատասխան ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, գեներալ Իլքեր Բաշբուղը Անկարայում լրագրողներին ասել է նաեւ, որ օրինագծի ընդունման պատճառով երկու երկրների միջեւ բարձր մակարդակի այցեր չեն կատարվում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, իր հերթին, հաղորդում է, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը սատարում է ռազմական ոլորտում Ֆրանսիայի հետ հարաբերությունները դադարեցնելու այդ քայլերը:

ՆԱՏՕ-ի խոսնակ Ջեյմս Ափաթուրայը այսօր հայտնել է, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքին տեղյակ է պահել ռազմական ոլորտում Ֆրանսիայի հետ իր կապերը սառեցնելու մասին:

«Մեր նախնական ըմբռնումն այն է, որ թուրքական կողմի դիրքորոշումը չի ազդի ՆԱՏՕ-ի վրա: Այն [սառեցումը] ուղղված է երկկողմ ռազմական գործունեությանը, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի գործողություններին», - «Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, ասել է Ափաթուրայը:

Հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծով մինչեւ մեկ տարվա ազատազրկում է նախատեսվում նրանց համար, ովքեր կժխտեն 1915-17 թվականներին օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանությունը:

Չնայած օրինագիծը մինչեւ ուժի մեջ մտնելը դեռ պետք է արժանանա Սենատի հավանությանը եւ ստորագրվի երկրի նախագահի կողմից, այն արդեն հարուցել է պաշտոնական Անկարայի եւ թուրքական տարբեր կազմակերպությունների վրդովմունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG