Մատչելիության հղումներ

«Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը 5-6 անգամ ավելի է, քան պաշտոնական տվյալներն են վկայում»


2006 թվականի հոկտեմբերին Հայաստանում պաշտոնապես գրանցված ՄԻԱՎ վարակակիրների թիվը հասել է 443-ի: Նրանց շուրջ 30 տոկոսը մինչեւ 24 տարեկան երիտասարդներն են, մեկը՝ 14 տարեկան դեռահաս է, ինչը վկայում է, որ վարակը ոչ միայն կրկնակի աճել է, այլեւ երիտասարդացման միտում ունի:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետների եւ խնդրին առնչվող հասարակական կազմակերպությունների մասնագետների վկայությամբ, սակայն, հաշվարկային տվյալներով, վարակակիրների թիվը 5-6 անգամ ավելի է. հասնում է 2500֊-3000-֊ի: Պարզապես մեծ մասը գրանցված չեն եւ չեն բուժվում:

«Շատերը չեն էլ իմանում, որ վարակված են, շատերն էլ իմանում են, բայց չեն դիմում բուժծառայություններին: Անվստահություն եւ վախ կա հասարակության հանդեպ, իսկ դա պարունակում է հիվանդության տարածման մեծ վտանգ», - նշում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ղեկավար Հովհաննես Մադոյանը:

«Իմ շրջապատում եղել է դեպք, երբ կինը մահացել է, որովհետեւ չի կարողացել իրեն թույլ տալ բժշկի դիմել: Նա այնքան անհարմար էր զգում, որ վիրուսակիր է, որ մտքով չէր անցնում բուժման մասին մտածել, եւ խուսափում էր բժիշկներից: Նա մահացավ, թեեւ հնարավոր էր նրան փրկել», - նշեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հրավերով Ուկրաինայից ժամանած փորձագետ Ելենա Ստրիժակը` վկայելով, որ Հայաստանում էլ նույնն է վիճակը:

«Հազարամյակի զարգացման նպատակներ - 2005» ազգային զեկույցի համաձայն, Հայաստանում ՄԻԱՎ վարակը առավելապես փոխանցվում է թմրանյութերի ներերակային օգտագործման միջոցով (45 տոկոս) եւ սեռական ճանապարհով (39 տոկոս), մորից երեխային փոխանցվելու դեպք չի եղել: Ընդ որում, նկատվում է ներերակային ճանապարհով վարակի փոխանցման կրկնակի աճ. եթե 1999 թվականին արձանագրված դեպքերի մեծ մասի պարագայում վարակն անցել էր սեռական ճանապարհով, ապա այսօր ներերակային ճանապարհով վարակի փոխանցման դեպքերը կրկնակի գերազանցում են:

Ըստ մասնագետների, մեր երիտասարդների 87 տոկոսը երբեւէ ծնողների հետ չի խոսում սեռականության թեմաներով, թեեւ նրանց 70 տոկոսից ավելին ծանոթ է սեռական կյանքին: Չեն խորհրդակցում նաեւ բժիշկների հետ: Հարցվածների 85 տոկոսը երբեք չի այցելել բուժհիմնարկներ` առողջական խնդիրները փորձելով հաղթահարել սեփական ուժերով:

Մյուս կողմից, բժիշկներին դիմողներն էլ դժգոհություն են հայտնում ծառայություններից` վկայելով, որ արժանացել են կոպիտ, անբարյացակամ վերաբերմունքի, հաճախ բժիշկը խախտել է գաղտնիության սկզբունքը:

«Բնական է, ո՞նց եք պատկերացնում 18 տարեկան երիտասարդը այդ հարցով դիմի տեղամասային բժշկին: Ես էլ չէի դիմի երբեք, որովհետեւ մեծ մասը սխալ կհասկանա»,- համոզված է Հովհաննես Մադոյանը:

Ըստ փորձագետների, սեռավարակների տարածման տեմպերը տարեցտարի աճում են, իսկ դա 40 տոկոսով ավելացնում է վարակվելու ռիսկը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG