Մատչելիության հղումներ

Նախկին հրամանատարները հանդես են գալիս քաղաքացիական անհնազանդության կոչով


Արցախյան պատերազմի մի քանի տասնյակ հրամանատարներ, որոնք միավորվել են «Ազատամարտի եղբայրություն» հրամանատարների խորհրդում, այսօր հանդես են եկել հայտարարությամբ` կոչ անելով միանալ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժմանը:

«15-ամյա մեր անկախ պետականության միակ շոշափելի հաղթանակը Արցախն է, մնացյալ ոլորտներում միայն ետընթաց է», - գրում են հայտարարության հեղինակները` կոչ անելով ազատամարտիկներին. - «Եկեք բոլորս միանանք` Հայաստանն ու հային փրկելու, վերականգնելու արդարությունը բոլոր բնագավառներում»:

«Խնդրում ենք հասարակության բոլոր խավերին, բոլոր կուսակցություններին եւ անհատներին` վերացնենք նեղացկոտությունները, թողնենք գաղափարախոսությունները, ետ բերենք անդունդի եզրին կանգնած հայրենիքը եւ նոր անցնենք բնականոն գործունեությանը: «Ազատամարտի եղբայություն» հրամանատարների խորհուրդը կոչ է անում բոլորին` մեկ մարդու պես միավորվենք «Քաղաքացիական անհնազանդություն» շարժմանը», - եզրափակում են նախկին հրամանատարները:

Մանրամասնելով իրենց կոչը` Լեռնային Ղարաբաղի «Երկրապահ» կառույցի ղեկավար Արկադի Կարապետյանը ասաց, թե «ողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ այլեւս չհնազանդվի այս իշխանություններին»:

«Չհնազանդվելը նշանակում է` եթե դու չես ընդունում, որ նա քո նախագահն է, ուրեմն ամեն ինչի պատրաստ ես», - հավելեց նա:

Իշխանափոխության համար կոնկրետ ժամկետ այսօր հրավիրած ասուլիսում չնշվեց: Արկադի Կարապետյանը, սակայն, ասաց, թե «իբրեւ թշնամիների են» դիտելու իշխանություններին, եթե վերջիններս պատրաստվում են Ղարաբաղի հարցը «լուծել մինչեւ տարեվերջ եւ վերադարձնել ազատագրված տարածքները»:

«Տարածքները տվեցին` ահավոր բաներ են լինելու», - եզրափակեց նա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG