Մատչելիության հղումներ

Հրշեջները կարողացել են կանխել բնապահպանական աղետը


Նոյեմբերի լույս 12-ի գիշերը հրդեհ էր բռնկվել Երեւանի «Նաիրիտ» գործարանի տարածքում: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը, այլապես, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, այն «կարող էր բերել բնապահպանական աղետի»:

Փրկակար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգը ստացել է գիշերը ժամը 2-ին մոտ:

Հրշեջները, րոպեներ անց հասնելով դեպքի վայր, պարզել են, որ այրվում է 300 խորանարդ մետր տարողությամբ էթիլային լաքի ամբարը:

«Ամբարում լաքի այրումից առաջացած բարձր ջերմությունը սպառնում էր հարակից` նույնպես դյուրավառ լաքով լցված ամբարներին», - փոխանցեց գնդապետ Գրիգորյանը: - «Ստեղծվել էր շիկացած լաքի արտանետման վտանգ, որը կարող էր բերել բնապահպանական աղետի»:

Նրա խոսքերով, եթե բռնկվեին հարակից ամբարները, «անխուսափելի կլիներ շրջակա բնակչության տարհանումը». - «Սակայն, ի պատիվ հրշեջների, աղետը հաջողվեց կանխել: Հրդեհը հաջողվեց մեկուսացնել եւ մարել Ժամը 5-ն անց 23-ին»:

«Հետաքննությունը, բնականաբար, դեռեւս կպարզի հրդեհի առաջացման պատճառները, սակայն անզեն աչքով էլ կարելի էր տեսնել, որ հրդեհը լոկ անփութության արդյունք չէր», - ասաց Նիկոլայ Գրիգորյանը` հավելելով, որ այլ եղանակային պայմանների դեպքում (եթե ուժեղ քամի լիներ), «ամեն բան այլ ավարտ կունենար». - «Կարող էին զոհվել ոչ միայն ձեռնարկության աշխատողները եւ հրշեջները, այլեւ շրջակա բնակիչները, որոնք ոչնչով մեղավոր չեն, որ ինչ-որ անձինք այսպես կամ այնպես չեն անում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG