Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված է «Կովկասյան քառյակի» հանդիպում


Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) շրջանակներում նոյեմբերի 16-ին կայանալու է «Կովկասյան քառյակի»՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ ռուսաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպում: Ինչպես այսօր հայտնել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը, «հանդիպումը անցնելու է փակ ռեժիմով՝ քննարկելու համար փոխգործակցության սուր հարցերը»:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 15-17-ը՝ նոյեմբերի վերջին Մինսկում կայանալիք ԱՊՀ-ի գագաթնաժողովի նախաշեմին:

Վեհաժողովին, ըստ Միխայիլ Կրոտովի, նախատեսվում է քննարկել ԱՊՀ-ի կատարելագործման եւ բարեփոխման հարցեր եւ ընդունել մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ անվտանգության հետ կապված 8 օրենք, միգրացիայի հարցերով հանձնարարականներ, ինչպես նաեւ բնապահպանական, ջրային եւ կրթական օրենսգրքերը:

Վեհաժողովի մասնակիցները քննարկելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) որոշումների իրականացմանը խորհրդարանի մասնակցության եւ ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում ՀԱՊԿ-ի վեհաժողովի ստեղծման հնարավորությունը:

«Ակնկալում ենք լավ մասնակցություն, ներկայացված կլինեն բոլոր խորհրդարանները, այդ թվում՝ Վրաստանի», - ասել է Կրոտովը:

Առաջին անգամ վեհաժողովին մասնակցելու է նաեւ Աֆղանստանի պատվիրակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG