Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը միանգամից չի կարողացել մասնակցել Կոնգրեսի ընտրություններին: «Բանն այն է, որ Մանհեթընի ընտրատարածքի աշխատակիցները չեն կարողացել գտնել Քլինթոնների դստեր անունը ընտրացուցակում», - գրում է թերթը եւ հայտնում. - «Ավելի ուշ պարզվել է, որ նախկին նախագահի դստեր անունն այլ ընտրատեղամասում է գրանցված: Սխալն ուղղվել է, եւ Չելսի Քլինթոնին ընտրության իրավունք են տվել»:

«Հայկական ժամանակ»-ից տեղեկանում ենք, թե Մաքսային կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանը չի բացառել, որ կարող է դառնալ Հանրապետական կուսակցության անդամ, եւ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Ազգային Ժողովն ընդունի «Մաքսային ծառայության մասին» օրենքի փոփոխությունը: «Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել փաթեթ, որի ընդունման դեպքում կուսակցական դառնալու հնարավորություն կունենան ոչ միայն մաքսային, այլեւ հարկային ծառայությունների աշխատակիցները», - գրում է թերթը:

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը «Առավոտ» օրաթերթի էջերում այսպիսի տեսակետ է արտահայտել. - «Եթե մեկն ինչ-որ վատ բան է անում, ապա պետք է չվախենա, որ ամբողջ Հայաստանը դրա մասին կարող է իմանալ: Խոսքը վերաբերում է Տիգրան Թորոսյանին, որը 3 տարի լինելով ԱԺ նախագահի տեղակալ` 3 բառ չի ասել, որ Ազգային ժողովում անարդյունավետ կառույցներ են գործում»:

Նույն թերթը գրում է, որ ամերիկյան վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը մի առիթով հայտարարել էր, թե ԱՄՆ-ը Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին: Ռիչարդ Կիրակոսյանը երեկ թերթին փոխանցել է հետեւյալը. - «Ես ոչ թե Սերժ Ազատիչի հետ եմ, այլ կարծում եմ, Վաշինգտոն-Մոսկվա համաձայնություն կա, որ Քոչարյանից հետո գա Սերժը»: Այդպիսի զարգացումների դեպքում նա կարեւորել է Հայաստանի պաշտպանության նոր նախարարի ով լինելու հանգամանքը: Ըստ թերթի, Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք է հայտնել, թե բանակի համար լավ ռեֆորմատոր կարող է լինել, օրինակ, պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:

«Ի՞նչ է խոստանում դեմոկրատների հաղթանակը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, լուրջ փոփոխություններ ուրվագծելով ամերիկյան քաղաքականության մեջ` մասնավորապես, մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնահարցի, իրավազրկված ժողովուրդների խնդիրների, եւ ընդհանրապես, ժողովրդավարության բնագավառում` տեղայնացրել է. - «Դա պահանջում է մեզանից է՛լ ավելի մեծ ուշադրություն դարձնել ժողովրդավարական բարեփոխումների խորացման եւ Հայաստանում առաջիկա՝ 2007-2008 թվականների խորհրդարանական ու նախագահական ընտրությունները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ու հնարավորինս անթերի իրականացնելու խնդրի վրա»։

«Հայական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրն այսօր իշխանության մեջ գոյություն ունեցող երկու մոդելների պատերազմ ուրվագծելով` սահմանազատել է. - «Պետք է խոստովանել, որ ՀՀԿն՝ Սերժ Սարգսյանի տեսքով, եւ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, լուրջ գաղափարական տարբերություններ ունեն, որոնց իմաստն հետեւյալն է. ո՞ւմն է բեսպրեդելի իրավունքը՝ կոռումպացված, լիազորությունների կիրառմամբ միլիարդների տեր դարձած պաշտոնյայի՞նը, թե՞ պետական պաշտոնյաներին ջեբի շուն սարքած եւ այսպիսով ապօրինի միլիարդներ վաստակած օքլիգարխինը: Ըստ առաջին մոդելի՝ կոռումպացված չինովնիկը, որը շատերի վրա կոմպրոմատ ունի եւ շատ փող, իրեն կարող է թույլ տալ ամեն ինչ, եւ որպեսզի նրա բեսպրեդելը լեգիտիմ լինի, ուզում է դառնալ ոչ թե պաշտպանության նախարար, այլ՝ երկրի նախագահ։ Իսկ երկրի կառավարման ծառուկյանական մոդելի համաձայն, երկիրը դե ֆակտո ղեկավարում է թագավորը, այնպես, ինչպես «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարին անվանում են նրա ծառաները»։

Արձանագրելով, որ ամեն գնով «դիրեկտոր» դառնալու մտածելակերպը, որ արդեն արմատավորվել է հայերի մեջ, այլեւս շատ դժվար կլինի վերափոխել` «168 ժամ» պարբերականի մեկնաբանն այսօր փոխնացել է. - «Փաստը մնում է փաստ, որ նրանցից շատ-շատերը քաղաքականությունը դիտարկում են որպես բիզնեսի մի տեսակ, որտեղ իրենք միայն պետք է դիրեկտոր լինեն։ Նախագահական ընտրություններից մեկուկես տարի առաջ նրանցից շատերն իրենց սկսել են տեսնել հանրապետության «դիրեկտորի» աթոռին` առանց հասկանալու, որ ներկա «դիրեկտորը, ճիշտ է, տեղում չի, բայց առայժմ տարածքում է»։ Եվ հարկ եղած տեղը առավել ակտիվներին կարող է պատժել»։

«Տղա եմ ասել» խորագրի տակ «Հայք» թերթի խմբագրականը, նկատի ունենալով օրերս կայացած շնորհանդեսը, շեշտադրել է. - «Խորհրդային տարիներին քաղբանտարկյալ Անդրանիկ Մարգարյանը ՊԱԿ-ի նկուղներում հայտնվեց Երեւանի «Ռոսիա» կինոթատրոնի նստատեղերի աթոռները պատռելուց հետո։ Իսկ այդ քայլին նա գնացել էր՝ ընդդմանալով կինոթատրոնի ռուսական անվանմանը։ Երկու օր առաջ նույն Անդրանիկ Մարգարյանը մասնակցում էր նախկին «Ռոսիա» կինոթատրոնի տեղում գործող «Ռոսիա» առեւտրի կենտրոնի բացմանը: Չի բացառվում, որ վարչապետի աթոռից զրկվելուց հետո Անդրանիկ Մարգարյանի մեջ նորից արթնանա նախկին այլախոհի ոգին, եւ նա այս անգամ արդեն քերծի առեւտրի կենտրոնի ցուցափեղկերը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG