Մատչելիության հղումներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է որոշ ապրանքատեսակների շուկաներում կատարած ուսումնասիրության արդյունքները


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուսումնասիրելով շաքարավազի, բենզինի, դիզելային վառելիքի, կոնյակի շուկաները, հայտնաբերել է այդ ոլորտներում գերիշխող դիրք ունեցող ընկերություններին:

Ըստ հանձնաժողովի, բենզինի շուկայում գերիշխող դիրք ունեն «Ֆլեշ» եւ «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունները: Մասնավորապես, 2006 թվականի առաջին կիսամյակում «Ֆլեշ»-ի կողմից իրացված բենզինը շուկայում կազմել է 44,1 տոկոս, իսկ «Քաղ Պետրոլ Սերվիս»-ինը՝ 40,4 տոկոս: Նույն ժամանակահատվածում Հայաստան բենզին ներկրել են 7 ընկերություններ:

Հանձնաժողովի նիստին ներկա գտնվող «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն ընդունեց, որ իրենք այսօր շուկայում գերիշխող դիրք ունեն, ինչը բնական համարեց, քանի որ, ըստ նրա, իրենք այսօր շուկայում ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան մյուսները` նկատի ունենալով «մեծ փողեր» ու «պահեստավորման հնարավորություններ» ունենալու անհրաժեշտությունը:

«Այսօր մեկ նավ բենզին ներկրելու համար մոտավորապես պետք է 5-6 միլիոն դոլար փող, որը պետք է դրվի շրջանառության մեջ, եւ 1-1,5 ամիս սպասել, թե ինչ եկամուտներ նա կբերի: Դրա համար այսօր փոքր կազմակերպությունները չեն կարող զբաղվել այդ գործով», - ասաց Էլչյանը:

Ըստ տնտեսվարողների, դրամի արժեվորումն ու դոլարի արժեզրկումը իր ազդեցությունն ունեցել է բենզինի եւ դիզելային վառելիքի գների վրա եւ թույլ է տվել, որ Հայաստանում վառելիքի գինը շատ չբարձրանա: Ավելին` ըստ «Ֆլեշ»-ի փոխտնօրենի, հաջորդ շաբաթ բենզինի գինը 10 դրամով կնվազի:

Շաքարավազի շուկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր գերիշխող կազմակերպություն ճանաչեց «Սալեքս գրուպ» ընկերությունը, որը շաքարավազի իրացման ծավալներով գրավել է շուկայի 91,4 տոկոսը: Այս շուկայի անցած տարվա առաջատարը` Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ֆլիթ ֆուդ» ընկերությունը, որի իրացման ծավալները կազմել էին շուկայի 99,4 տոկոսը, այս տարի զբաղեցրել է շաքարավազի շուկայի ընդամենը 7 տոկոսը:

Հասարակությանը, մինչդեռ, հայտնի է, որ մինչ օրս Հայաստանում շաքարավազի ներկրման մենաշնորհը պատկանել է Սամվել Ալեքսանյանին, ուստի չի բացառվում, որ գերիշխող դիրք ունեցող «Սալեքս գրուպ»-ը իրականում պատկանում է հենց նրան:

Կոնյակի շուկայում հանձնաժողովը գերիշխող ընկերություն ճանաչեց Երեւանի կոնյակի գործարանը. ինչպես արտադրության, այնպես էլ արտահանման ամենամեծ ծավալները հենց այս ընկերությունն ունի:

Վերոհիշյալ ընկերությունները, համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի, իրենց գերիշխող դիրքը չարաշահելու դեպքում կենթարկվեն մի շարք տուգանքների:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG