Մատչելիության հղումներ

Սովորե՞լ, թե՞ աշխատել


Աշխատող ուսանողներից շատերը նշում են, որ դասախոսներն իրենց հասկանալու եւ մի փոքր զիջող լինելու փոխարեն, պահանջում են պարտաճանաչ հաճախել դասերին եւ սովորել: Ոմանք էլ կարծում են, որ աշխատանքը դասից բացակայելու պատճառ չպիտի դառնա: Եթե սովորում են, ապա պիտի ընտրեն այնպիսի աշխատանք, որը չխանգարի դասաժամերին:

Այն, որ դասախոսները միշտ են փորձում հասկանալ իրենց՝ ոչ բոլոր ուսանողներն են փաստում: Շատ բուհերում անցկացվում են հատուկ պարապմունքներ, որպեսզի ուսանողները կարողանան լրացնել իրենց բացակայությունները: «Աշխատանքը շատ դեպքերում իսկական պատուհաս է դառնում մեր գլխին, երբեմն չենք էլ ասում, որ աշխատում ենք, հակառակ դեպքում ստուգարքները ստանում ենք որոշակի գումար վճարելու դեպքում միայն», - նշում են ուսանողներից մի քանիսը:

Այն ուսանողները, որոնք ուսումը եւ աշխատանքը համատեղում են ու չեն հասցնում դասի հաճախել՝ գերազանցելով բացակայությունների թույլատրելի թիվը, հնարավորություն ունեն պետական բուհերում ընտրել հեռակա ուսուցման համակարգ, իսկ մասնավոր բուհերում՝ անհատական:

Դասախոս Ռազմիկ Մխիթարյանի խոսքերով, այն ուսանողները, որոնք զուգահեռում են դասն ու աշխատանքը, հիմնականում ավելի բարեխիղճ ու պատասխանատու ուսանողներ են լինում: Աշխատանքային դաստիարակությունն ավելի շատ է երբեմն օգնում նրանց: Մանկավարժը պատմում է նաեւ, որ իր աշխատանքային պրակտիկայում շատ են եղել այնպիսի ուսանողներ, որոնք աշխատանքից հետո հոգնածության պատճառով դասերի ժամանակ երբեմն քնել են:

Պետական ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը կիսում է այն կարծիքը, որ աշխատող ուսանողներն ավելի պարտաճանաչ են: «Երբ իրենց ուսման դիմաց վճարում են սեփական քրտինքով վաստակած գումարները, ավելի լավ են հասկանում դրամ աշխատելու դժվարությունը: Իսկ ի՞նչ անել այն ուսանողների հետ, որոնք ոչ աշխատում են, ոչ էլ նորմալ դասի հաճախում: Այ, սա է ամենացավալի հարցը: Այսպիսի ուասնողներին ճիպոտով վարժապետ է պետք», - ասում է Յուրի Մարմարյանը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG