Մատչելիության հղումներ

«ՎիմպելԿոմ»-ը կարող է գնել նաեւ «ԱրմենՏել»-ում Հայաստանի կառավարության 10 տոկոս բաժնեմասը


Եթե ռուսաստանյան «ՎիմպելԿոմ» ընկերությունը հրաժարվի բոլոր տիպի մենաշնորհներից եւ ցանկություն ունենա գնել «ԱրմենՏել»-ում Հայաստանի կառավարությանը պատկանող 10 տոկոս բաժնեմասը, ապա, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի կարծիքով, «որեւէ խնդիր չի լինի»:

Անցած շաբաթ կառավարությունը Մանուկյանին է հանձնարարել «ԱրմենՏել»-ում իր բաժնեմասի կառավարումը:

Նախարարը նշեց, որ նախկինում էլ, երբ նախնական գնորդները հանդիպում էին կառավարության հետ, ինքն առաջարկել է, որ եթե նրանք «ԱրմենՏել»-ի 90 տոկոս բաժնետոմսերը գնեն եւ հրաժարվեն մենաշնորհից, Հայաստանի կառավարությունը պատրաստ է իր 10 տոկոսը եւս վաճառել նրանց:

«Բաժնեմասը մենք պահում էինք, որպեսզի, քանի որ կային մենաշնորհային դրույթներ, կառավարությունը մասնակից լինի նրանց բոլոր նիստերին, քննարկումներին, խորհրդի նիստերին եւ բաժնետերերի ժողովներին ու կարողանա ինչ-որ ձեւով իր ազդեցությունը թողնել», - պարզաբանեց Անդրանիկ Մանուկյանը եւ միաժամանակ հավելեց. - «Չնայած՝ չէր թողնում, որովհետեւ հինգ հոգի էին խորհրդի անդամները, մեկը՝ կառավարությունը, չորսը՝ նրանք, եւ որքան էլ որ կառավարությունը դեմ լիներ, միեւնույն է, «ԱրմենՏել»-ը իր որոշումներն ընդունում էր»:

Իսկ մենաշնորհային դրույթների վերանալու դեպքում, ինչպես ընդգծեց նախարարը, «արդեն զուտ մրցակցության արդյունքում ծնվող գներ են լինելու, եւ սակագնային քաղաքականության կարգավորման խնդիր չի լինում»:

«Այսինքն, ինձ թվում է, կառավարության մասնակցությունը այդ 10 տոկոսով ոչինչ չի տա, մեզ համար գլխավորը մենաշնորհային դրույթների վերացումն է», - ամփոփեց Անդրանիկ Մարգարյանը եւ հավաստիացրեց, որ եթե ապագա գնորդը չհրաժարվի մենաշնորհից, ապա այդ 10 տոկոսի վաճառքը տեղի չի ունենա:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG