Մատչելիության հղումներ

Վարդան Խաչատրյանը հուսով է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան չի դադարեցնի ծրագիրը


Անցած շաբաթ «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին կոչ արեց չհաստատել Հայաստանը այն երկրների ցանկում, որոնց 2007 - ֊ին հատկացումներ են արվելու՝ պատճառաբանելով ժողովրդավարական ցուցանիշները: Նշված ցանկը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հաստատելու է նոյեմբերի 8-ին: Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, որը Հայաստանի կառավարության անունից ստորագրել է կորպորացիայի հետ հուշագիրը, այսօր ասաց, հույս ունի, որ կորպորացիան ծրագիրը չի դադարեցնի:

«Առավոտ» օրաթերթին եւ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասաց. - «Իմ կարծիքով, մենք պրոբլեմ չունենք: «Ֆրիդըմ Հաուս»-ը երեք խումբ ցուցանիշների մի խմբի երկու ցուցանիշն է ընդամենը ուսումնասիրում: Իսկ խմբի մեջ գոնե երեք ցուցանիշ պետք է բացասական լինի... Եվ միայն «Ֆրիդըմ Հաուս»-ով չի գնահատվում: Այլ հասարակական կազմակերպությունների կարծիքները, ինչպես մեզ բացատրել են, նույնպես համադրվում են, հետո միայն որոշում է ընդունում Հազարամյակի կորպորացիան»:

Վարդան Խաչատրյանի պնդմամբ, պետբյուջեի նախագծում «Հազարամյակի մարտահրավերներ»-ի հատկացումներից 12 միլիոն դոլարը նախատեսված է: Հարցին, թե չհատկացվելու դեպքում արդյո՞ք չի վտանգվի բյուջեի կատարումը, նախարարը արձագանքեց. - «Այդպիսի հարցեր կարող ենք տալ բոլոր տրանսֆերտների [միջազգային կազմակերպություններից] եւ վարկերի մասով: Եթե չհատկացնեն, ուրեմն չեն հատկացնի, ուրեմն որոշ ծախսեր պետք է կրճատենք»:

Դիտարկմանը` եթե այլ կառավարություն լինի, կստացվի, որ այն կընկնի ֆինանսական ծանր բեռի տակ` ներկայիս կառավարության քաղաքական սխալների պատճառով, Խաչատրյանը արձագանքեց, թե «միշտ իրավահաջորդության հետ պարտավորություններ եւ ռիսկեր կան»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG