Մատչելիության հղումներ

Պուտինը ակնկալում է ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճ Հայաստանի տնտեսության մեջ


Այսօր Կրեմլում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Պուտինը ասել է, որ ակնկալում է Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճ:

Վլադիմիր Պուտինը նաեւ տարօրինակ է համարել, որ Ռուսաստանն առաջին տեղում չէ ռազմավարական գործընկեր Հայաստանի տնտեսությունում ներդրումներով:

«Հայաստանում կապիտալ ներդրումներով Ռուսաստանն առայժմ ամոթալի երրորդ տեղում է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը: - «Ասում եմ՝ ամոթալի, որովհետեւ տարօրինակ է, որ Ռուսաստանը առաջին տեղը չի գրավում ռազմավարական գործընկերոջ տնտեսությունում ներդրումներով»:

Միաժամանակ, Պուտինի խոսքերով, երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերը զարգանում են. - «Առեւտուրն աճում է, չնայած բացարձակ թվերը Ռուսաստանի համար գուցեեւ շատ բարձր չեն՝ 8 ամսում 60 տոկոս աճ»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Հայաստանի նախագահը տեղեկացրել է, որ «Գազպրոմ»-ի հետ Երեւանի բոլոր համաձայնություններն իրականացվում են:

«Գազպրոմ»-ի հետ բոլոր լուրջ պայմանագրերը էներգետիկ նախագծերի առնչությամբ մտնում են իրականացման փուլ», - իր հերթին, ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նա հայտարարել է, որ կապիտալ ներդրումների հետ կապված իրավիճակը, երբ Ռուսաստանը միայն երրորդ տեղն է գրավում Հայաստանում ներդրումների գծով, պետք է փոխվի. - «Հաջորդ տարվա ընթացքում նման իրավիճակը էապես կփոխվի, ես ուղղակի չեմ կասկածում դրանում»:

Ռոբերտ Քոչարյանը ռուս գործընկերոջն առաջարկել է մեխանիզմներ մշակել Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացման ժամանակ երկու երկրների միջեւ հաստատված շփումներն օգտագործելու համար. - «Շատ կցանկանայինք, որպեսզի շփումների այդ համակարգը, որը մենք մշակել ենք, հետագայում էլ աշխատի»:

Սա այս տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների 4-րդ հանդիպումն է: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել օգոստոսին Սոչիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG