Մատչելիության հղումներ

Աջափնյակի թաղապետի ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է Ռուբեն Հովսեփյանը


Թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սամվել Երանյանի փոխանցմամբ, Երեւանի Աջափնյակ համայնքում երեկ անցկացված թաղապետի ընտրություններն անցել են նորմալ, ընտրատեղամասերում բոլոր հանձնաժողովների անդամները ստորագրել են արձանագրությունները, նրանցից որեւէ մեկը հատուկ կարծիք չի գրել:

Համաձայն ընտրատեղամասերից ստացված եւ արդեն իսկ ի մի բերված արձանագրությունների, նախնական պատկերը հետեւյալն է. 13930 ձայն ստացել է անկուսակցական Ռուբեն Հովսեփյանը, 2416 ձայն՝ Դաշնակցության առաջադրած Գագիկ Սարգսյանը, իսկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ներկայացնող Իշխան Սարգսյանի օգտին քվեարկել է 1920 ընտրող:

Թաղապետի պաշտոնի համար պայքարող երեք թեկնածուներն էլ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունից են: Ռուբեն Հովսեփյանը «Նիգ-Ապարան»-ի պատվավոր նախագահ, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է:

Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, միակ դժգոհությունը եղել է թիվ 4 ընտրատեղամասից, որտեղ թեկնածուներից մեկի վստահված անձը բողոք էր ներկայացրել, թե ընտրողների վրա ճնշում է գործադրվում, տեղամասում կուտակումներ կան: Ահազանգից հետո տեղամաս են այցելել Սամվել Երանյանը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, որոնք, սակայն, որեւէ արտառոց բան չեն արձանագրել:

Դաշնակցության առաջադրած թեկնածու Գագիկ Սարգսյանը համակարծիք է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, որ ընտրատեղամասերում ընտրություններն անցել են, հիմնականում, առանց խախտումների: Սակայն, ըստ նրա, տեղամասերից դուրս խախտումներ եղել են, մասնավորապես, ընտրողներին «բերել եւ ուղղորդել են», տեղամասերի բակերում հավաքված էին թաղային «հեղինակություններ»:

Ըստ Գագիկ Սարգսյանի, երեկվա ընտրություններն անցան «անցած բոլոր ընտրությունների նման, եւ ժողովրդի մեծամասնությունը, տվյալ պարագայում՝ 70 տոկոսից ավելին, ընտրություններին չմասնակցեց»: Թաղապետի թեկնածուի գնահատմամբ, եթե ընտրողներն ավելի ակտիվ լինեին, ապա ընտրությունների ելքն այլ կլիներ:

Գագիկ Սարգսյանը նաեւ շեշտեց, որ իրեն պարտված չի համարում. - «Որովհետեւ իմ դեմ էին հանված հսկայական լծակներ, միայն մի քանի հարյուր երթուղային տաքսիներ էին պտտվում: Դրանից առաջ կար վախի մթնոլորտ՝ ես չհասկացա, թե որտեղի՞ց էր դա ստեղծվել, ի՞նչ պատճառով»:

Իշխան Արշակյանի նախընտրական շտաբում երեկվա ընտրությունները նմանեցրին 2005 թվականի սահմանադրական հանրաքվեին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ սահմանված ժամկետում թեկնածուներից ոչ մեկը ընտրության նախնական արդյունքները չի բողոքարկել:

Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն ուրբաթ օրը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG