Մատչելիության հղումներ

Սերբիայի նոր Սահմանադրությունն ընդունվեց


Շաբաթ եւ կիրակի օրերին անցկացված համաժողովրդական հանրաքվեով Սերբիայի քաղաքացիները հավանություն են տվել երկրի նոր Սահմանադրությանը: Ըստ Հանրապետական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, հանրաքվեին մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկվածների 53,66 տոկոսը, եւ ընտրողների ընդհանուր թվի 51,46 տոկոսը պաշտպանել է երկրի նոր հիմնական օրենքը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդման համաձայն, Սերբիայի բնակիչները պասիվ են եղել, ինչը մինչեւ վերջին ժամերը հարցականի տակ էր դրել հանրաքվեի կայացումը, մինչդեռ Կոսովոյի սերբերը մեծ ակտիվություն են ցուցաբերել:

Ըստ անկախ դիտորդների տվյալների, Կոսովոյում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 80 տոկոսից ավելին: Տեղական վերլուծաբանները Կոսովոյի սերբերի ակտիվությունը բացատրել են նրանով, որ նոր Սահմանադրության մեջ Կոսովոն հռչակվում է «Սերբիայի բաղկացուցիչ մաս՝ լայն ինքնավարության իրավունքներով»:

Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը եւ վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան նոր Սահմանադրության ընդունումը համարել են «պատմական իրադարձություն երկրի համար» եւ «կարեւոր քայլ Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին»: Ըստ նրանց, նոր Սահմանադրությունը, որի նախաբանը գրված է ՄԱԿ-ի խարտիայի նմանությամբ, «ամենաժողովրդավարականն է երկրի պատմության մեջ»:

Ազգայնական հայացքներ դավանողները, իրենց հերթին, ողջունում են Սերբիայի հռչակումը «սերբ ժողովրդի եւ երկրում ապրող բոլոր քաղաքացիների պետություն», ինչպես նաեւ ավանդական կարմիր-կապույտ-սպիտակ դրոշի, թագակիր երկգլխանի արծվի պատկերով զինանշանի եւ «Բոժե պրավդի» օրհներգի վերադարձը, որոնք Սերբիայի պատմական պետական խորհրդանիշերն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG