Մատչելիության հղումներ

Աջափնյակի թաղապետի ընտրություններին մասնակցեց ընտրողների 25 տոկոսը


Երեւանի Աջափնյակ համայնքում կիրակի օրը անցկացված թաղապետի ընտրություններին համայնքի 75 հազար 156 ընտրողներից մասնակցել են 18 հազար 949-ը կամ շուրջ 25 տոկոսը: Այս մասին քվեարկության ավարտից մի քանի ժամ անց «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սամվել Երանյանը:

Թաղապետի պաշտոնի համար պայքարող երեք թեկնածուներն էլ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունից են՝ անկուսակցական Ռուբեն Հովսեփյանը, Դաշնակցության ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանը եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ Իշխան Արշակյանը:

Ռուբեն Հովսեփյանը «Նիգ-Ապարան»-ի պատվավոր նախագահ, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է:

Սամվել Երանյանի խոսքերով, ընտրություններում շատ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել:

Մինչդեռ, թաղապետի դաշնակցական թեկնածու Գագիկ Սարգսյանը այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ընտրություններն արդար են անցել ընտրատեղամասերում, սակայն հիմնական խախտումները կատարվել են տեղամասերից դուրս, մասնավորապես, տարբեր խմբեր ուղղորդել են ընտրողներին նախքան նրանց ընտրատեղամաս մտնելը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից թեկնածու Իշխան Արշակյանը, իր հերթին, հայտարարեց, որ խախտումներ եղել են, կան արձանագրություններ: Մասնավորապես, իր վստահված անձինք արձանագրել են, որ միեւնույն մարդը նույն տեղամասում քվեարկել է 2-3 անգամ՝ տարբեր ժամերի, ընտրողներից շատերն ընտրացուցակներում չեն եղել, կամ ընտրողը չի գնացել քվեարկության, սակայն նրա անձնագրով մեկ ուրիշը քվեարկել է որեւէ թեկնածուի օգտին: Հանձնաժողովի անդամներն ուշադիր չեն աշխատել, ընդ որում, թեկնածուն դժվարացավ ասել՝ միտումնավո՞ր է արվել դա, թե՞ ոչ:

Ժամը 23:30-ի դրությամբ մի քանի ընտրատեղամասերից ստացված տվյալներով, հավաքած ձայների թվով զգալիորեն առաջ էր Ռուբեն Հովսեփյանը:


Կարինե Քալանթարյան եւ Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG