Մատչելիության հղումներ

Ախալքալաքում կայացել է հանրահավաք՝ Վահագն Չախալյանին ազատ արձակելու պահանջով


Այսօր Ախալքալաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել բողոքի ցույց` ի պաշտպանություն սահմանի ապօրինի հատման մեղադրանքով հոկտեմբերի 11-ին Երեւանում ձերբակալված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի:

Ինչպես հաղորդում է «Ջավախք-Ինֆո» լրատվական գործակալությունը, բազմահազարանոց ցույցին մասնակցել են նաեւ Ախալքալաքի հարակից բնակավայրերի բնակիչներ:

Հանրահավաքի մասնակիցներն իրենց վրդովմունքն են արտահայտել վերոհիշյալ «անհեթեթ» մեղադրանքի կապակցությամբ եւ պահանջել են անհապաղ ազատ արձակել Չախալյանին:

Հանրահավաքի վերջում մասնակիցներն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, զգուշացնում են, որ Վահագն Չախալյանին կարճ ժամկետում ազատ չարձակելու դեպքում կդիմեն «այլ միջոցների»:

Վահագն Չախալյանը հոկտեմբերի 10-ին Աշտարակ-Երեւան ճանապարհին հարձակման էր ենթարկվել մի խումբ անհայտ անձանց կողմից եւ գլխի վնասվածքներ էր ստացել: Ծեծկռտուքի հաջորդ օրը նրան ձերբակալել էին «Մալաթիա» բժշկական կենտրոնում:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը հարուցել է քրեական գործ, եւ հոկտեմբերի 13-ին Չախալյանին մեղադրանք է առաջադրվել առանց սահմանված փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու համար:

Ջավախքից Երեւան ժամանող ավտոմեքենայում 5 հոգի են եղել: Մարմնական վնասվածքներով Վահագն Չախալյանի հետ հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ « Ջավախք» երիտասարդական մարզամշակութային միության անդամ Գուրգեն Շիրինյանը, որն արդեն ապաքինվել է:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG