Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «Ճշմարտությունը վաղ թե ուշ կբացահայտվի»


Այսօր առավոտյան Ազգային ժողովի ղեկավարությունը, պատգամավորները, աշխատակազմն ու լրագրողները խորհրդարանի այգում ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուշաքարին:

7 տարի առաջ այս օրը Նաիրի Հունանյանի զինված հանցախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, գնդակահարեց 8 պետական գործիչների՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ Արմենակ Արմենակյանին, նախարար Լեոնարդ Պետրոսյանին:

Ազգային ժողովի նախագահ, ժամանակին Վազգեն Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը արարողության ժամանակ ասաց. - «Վստահ եմ, այդ ողբերգության հիմքում չարությունն ու ատելությունն էր»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ արդյոք հոկտեմբերի 27-ի ողբերգության դասերից կարո՞ղ է համարվել այն, որ ահաբեկիչները գործողության ժամանակ ասում էին, թե «5 տարի այս երկրում չեն թողել արդար ընտրություններ անցկացնել», Ազգային ժողովի նախագահը հայտարարեց. - «Ամեն մի ստահակ իր ամեն մի արարքի համար բացատրություններ է որոնում: Ուզո՞ւմ էին լավ ընտրություններ՝ հնարավոր էր հազար միջոց գտնել, որպեսզի լավ ընտրություններ լինեն: Նման բան անել լավ ընտրությունների համար՝ կարծում եմ, բացարձակապես անընդունելի է եւ սրբապղծություն է»:

«Եթե Նաիրի Հունանյանը իսկապես կեղծիքներին դեմ էր, ես չեմ կարծում, թե պետք է ձեռք բարձրացներ կեղծիքներից Հայաստանում ամենատուժած անձի դեմ», - ասաց Կարեն Դեմիրճյանի հիմնադրած եւ առաջնորդած Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար անդամ Ստեփան Զաքարյանը. - «Ես համարում եմ, որ ամենատուժած անձը Կարեն Դեմիրճյանն է, որը 1998 թվականին [նախագահական ընտրություններում] բացահայտ հաղթանակ տարավ»:

Այսօր ավելի ուշ Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն՝ Կարեն Դեմիրճյանի շիրմին այցելեցին զոհված պետական գործչի հարազատները, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

«Արդարություն» դաշինքի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը վստահություն հայտնեց, որ եթե չլիներ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, երկրում, անկասկած, բոլորովին այլ իրավիճակ կլիներ:

Գործի դատավարությունը, ՀԺԿ-ի նախագահի խոսքերով, «ոչ թե փարատեց, այլ հակառակը՝ ավելի խորացրեց հասարակությունում տիրող կասկածները, եւ «հոկտեմբերի 27»-ի ծանր հետեւանքները իրենց զգացնել են տալիս մինչ օրս»:

Կարեն Դեմիրճյանի որդին նաեւ համոզված է, որ վաղ թե ուշ ճշմարտությունը կբացահայտվի, չնայած, ըստ նրա, «իշխանությունները, իսկապես, ամեն ինչ արեցին ճշմարտությունը չբացահայտելու, գործը կոծկելու համար»:

Կարեն Դեմիրճյանի շիրմին այցելած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նույնպես վստահություն հայտնեց, որ «հանցագործությունը կբացահայտվի»:

Նաիրի Հունանյանը եւ նրա հանցախմբի 5 անդամներ դատապարտվել են ցմահ ազատազրկման, հանցախմբի եւս մեկ անդամ՝ 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց:


Ռուզան Խաչատրյան եւ Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG