Մատչելիության հղումներ

«Բեռլինյան պատ» ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանի՞ն


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը նախօրեին հավանություն է տվել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի 1125-կիլոմետրանոց սահմանի երկայնքով «պատ» կառուցելու որոշմանը: «Պատի» նպատակը երկար սահմանի հսկողությունը խստացնելն է ու Ամերիկայում աշխատանք որոնող մեքսիկացիների ապօրինի ներգաղթը կանխելը:

Տեխնիկական առումով կառույցը ոչ թե պատ է, այլ կրկնակի ցանկապատ, որի միջով կանցնի հատուկ արահետ սահմանապահների համար: Բացի այդ, ցանկապատի երկայնքով կտեղադրվեն արդիական տեխնիկական սարքավորումներ՝ տեսախցիկներ, ձայնորսիչներ, ինֆրակարմիր ճառագայթներ գրանցող սարքեր, ռադարներ, կապի հանգույցներ: Ամբողջ սահմանը Խաղաղ օվկիանոսից մինչեւ Մեքսիկական ծոց վերահսկվելու է նաեւ տիեզերքից` արբանյակների միջոցով:

«Դա կարեւոր քայլ է մեր երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու համար», - ասել է նախագահը`ստորագրելով հրամանագիրը:

Այս ամիս ավելի վաղ Բուշը ստորագրել էր մեկ այլ հրամանագիր, որով Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված սահմանապահների թիվն առաջիկա երկու տարում կրկնապատկվի, հասնելով 18 հազարի:

Կրկնակի ցանկապատի կառուցման արժեքը կազմում է 6 միլիարդ դոլար: Բուշի հրամանագրով առաջին մասնաբաժինը՝ 1 միլիարդ 200 միլիոնն արդեն հատկացվել է:

Ամերիկացիներն ասում են, որ Սան-Դիեգոյի մոտակայքում կառուցված պաշտպանիչ ցանկապատի փորձնական հատվածը շատ արդյունավետ է գործում եւ վկայում է ամբողջ ծրագրի նպատակահարմարության մասին:

Ամերիկյան քաղաքական շրջանակներում եւ մամուլում հնչում են նաեւ հակառակ կարծիքներ: Մասնավորապես, ասվում է, որ ցանկապատն անընդունելի է բարոյականության տեսակետից, որ այն, փաստորեն, «բեռլինյան պատ է», որով «ազատությունների ջատագով երկիրը փորձում է պաշտպանվել թշվառ հարեւանից»:

Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը Ջորջ Բուշի ստորագրած որոշման օրը գտնվել է Կանադայում եւ այնտեղից մեկնաբանել է ամերիկացիների որոշումը: «Սա դատապարտելի քայլ է, պատերը որեւէ խնդիր չեն լուծում, մարդկությունը մեծ սխալ էր գործել պատ կառուցելով Բեռլինում, եւ ես համոզված եմ, որ այսօր Միացյալ Նահանգները նույնպես սխալ է գործում», - ասել է Կալդերոնը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG