Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 1-ին Մոսկվայում նախատեսված է Վրաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը


Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին ցանկանում է հանդիպել իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ եւ քննարկել ռուս-վրացական ճգնաժամը հաղթահարելու հրատապ խնդիրը: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բեժուաշվիլին երեկ ասել է, թե «հարաբերությունները բարելավելու համար Վրաստանը պատրաստ է բոլոր մակարդակներով երկխոսություն վարել Ռուսաստանի հետ»:

Առաջիկա հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 1-ին Մոսկվայում, որտեղ գումարվելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների երկօրյա ժողովը:

«Հուսով եմ, մենք կկարողանանք քննարկել ռուս-վրացական հարաբերությունների առավել սուր թեմաները, բանակցությունների հարցում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը միշտ բաց է եւ թափանցիկ», - ասել է նախարարը եւ հավելել. - «Ճնշումներն ու շրջափակումը պետք է վերացնել, կողմերը պետք է վերադառնան բնականոն բանակցային գործընթացին, խնդիրները պետք է լուծել դիվանագիտության, այլ ոչ թե պատժամիջոցների եղանակով»:

Գելա Բեժուաշվիլին ասել է, որ կողմերը, հավանաբար, կանդրադառնան նաեւ վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտություններին:

Վրաստանի քաղաքական շրջանակներում կարծիք է հնչել, թե Բեժուաշվիլի-Լավրով հանդիպումը կարող է ճանապարհ հարթել նաեւ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպման համար, սակայն երեկ Բեժուաշվիլին ասել է, թե այդ հանդիպման հավանականությունը չնչին է:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Լուիզա Արբուրի գրասենյակն այսօր հաստատել է, որ Վրաստանից ստացել է պաշտոնական Թբիլիսիի բողոքը Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման մասին: Հանձնակատարի մամլո խոսնակ Խոսե-Լուիս Դիասն ասել է, որ Լուիզա Արբուրը կապվել է Ռուսաստանի եւ Վրաստանի իշխանությունների հետ, քանզի այդ հարցն անհանգստություն է հարուցում:

«Երբ պարզվում է, որ որեւէ երկիր ոտնահարում է մարդկանց այս կամ այն որոշակի խմբի իրավունքները, մեր գրասենյակը կարող է այդ երկրին հիշեցնել մարդու իրավունքների ապահովման վերաբերյալ ստանձնած պարտավորություններն ու կոնկրետ հանձնարարականներ տալ», - ասել է Դիասը եւ հավելել. - «ՄԱԿ-ի մարդու իրավունքների ծրագիրը դատարան չէ, ՄԱԿ-ը չի կարող որեւէ երկրի պարտադրել կատարել այդ հանձնարարականները»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG