Մատչելիության հղումներ

Բրիտանացի խորհրդարանականները թագուհուց ֆինանսական հաշվետվություն են պահանջում


Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի հանրային ֆինանսական գործառույթների կոմիտեն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունից պահանջել է բացատրել, թե ինչո՞ւ են հարկային արտոնություններ ստացել Էլիզաբեթ Երկրորդ թագուհին եւ նրա որդին՝ արքայազն Չարլզը:

Խոսքը եկամտահարկի մասին է: Թագուհին անցյալ տարի վաստակել է 10 միլիոն 700 հազար ֆունտ ստեռլինգ կամ մոտ 20 միլիոն ամերիկյան դոլար: Եկամուտն ապահովել է 1399 թվականից թագուհուն պատկանող Լանքասթերի դքսությունը: Այն գտնվում է Անգլիայի հյուսիս-արեւմուտքում, գինը 310 միլիոն ֆունտ ստեռլինգ է:

Արքայազն Չարլզին պատկանում է Քորնուելի դքսությունը, որը գտնվում է հարավ-արեւմուտքում: Քորնուելը 1337 թվականին հիմնել է Էդուարդ Երկրորդ թագավորը: Այդ դքսության ֆունկցիան է՝ ապահովել թագաժառանգների եկամուտը: Չարլզն անցյալ տարի թագուհուց շատ է վաստակել՝ նրա եկամուտը 12 միլիոն ֆունտ ստեռլինգ էր:

Պահպանողական պատգամավոր Էդուարդ Լեյն ասել է, որ կոմիտեն ցանկանում է պարզել, թե արդյո՞ք երկու դքսությունները գործում են բրիտանական հարկային օրենսդրության դաշտում: Անցյալ տարի կոմիտեն պարզել է, որ վերջին տասնամյակում Քորնուելի դքսությունից արքայազն Չարլզի ստացած եկամուտը 300 տոկոսի աճ է գրանցել:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը նախկինում մերժել էր պարզաբանում ներկայացնելու մասին կոմիտեի առաջարկները՝ ասելով, թե անկախ աուդիտորների կատարած ստուգումները բավարար են:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG