Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը այսօր գրում է. - «ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի ավագ եղբայրը՝ Ռաֆիկ Աբրահամյանը, շաբաթ օրը վրաերթի է ենթարկել մի հեծանվորդի, որը տեղում մահացել է»: Միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրությունում նշված է միայն, որ վրաերթը կատարել է Ռաֆիկ Ա.-ն: Վրաերթի առիթով հարուցված է քրեական գործ:

«Առավոտ»-ի թղթակցի հարցին, թե իշխանություններն ինչո՞ւ դեռեւս պաշտոնապես չեն հրավիրել 2007 թվականի ընտրություններին ԵԱՀԿ-ի դիտորդներին, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանել է. - «Մտահոգություններն ավելորդ են: Բայց քանի դեռ ընտրությունների օրը նշանակված չէ՝ դիտորդական առաքելությունններ հրավիրելու մասին խոսելն անհեթեթ է եւ անիմաստ: Ինչի՞ն պիտի հրավիրեն, եթե որոշված չէ, թե երբ են լինելու ընտրությունները»:

«Տարեգիր»-ը գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից հետաքրքրվել է, թե «կարտոֆիլի սերմացուի միջոցով գովազդվող Ծառուկյանն իր «նախաձեռնությունների» վերաբերյալ նախապես տեղյակ պահե՞լ է»: «Իհարկե, ոչ», - պատասխանել է լրատվականի ղեկավարը: «Իսկ ինչպե՞ս է վերաբերվում գյուղնախարարությունը քաղաքական-գյուղական դաշտերում սերմեր ցանող ինքնակոչի գործելակերպին», - շարունակել է հետաքրքրվել թերթը: «Շատ վատ», - պատասխանել է լրատվականի ղեկավարը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա կատարելիք այցի նախօրեին «Հայկական ժամանակ»-ի խմբագրականը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունը գնահատելով «իբրեւ լուրջ հարված Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի վերջին հայտարարությունները չմարսած Հայաստանի իշխանություններին»՝ փոխանցել է. - «Հայաստանի իշխանությունները այս ընթացքում չեն զլացել տարբեր ուղիներով իրենց զայրույթը հասանելի դարձնել Ռուսաստանի իշխանություններին, ինչն էլ զայրացրել է Վլադիմիր Պուտինին»։ «Եվ ահա, Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածած այս հաղորդագրության միջոցով Վլադիմիր Պուտինը ընդամենը կարգի է հրավիրել հայաստանյան իր գործընկերոջը՝ նրան հասկացնելով, թե բոլորը չէ, որ կարող են իրեն պրետենզիաներ ներկայացնել», - գրել է թերթն ու գնահատել. - «Իր այս քայլով Ռուսաստանն ընդամենը լեգիտիմացրել է Հայաստանի մասին Զատուլինի հայտարարությունները՝ դրանց վրա դնելով Կրեմլի կնիքը»։

«Գաղտնի այց» վերնագրի տակ «Հայք» պարբերականը
տեղեկացրել է, թե կիրակի օրը Ռոբերտ Քոչարյանը անակնկալ այցով մեկնել է Ստեփանակերտ։ Սակայն այդ մասին, որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել։ Ըստ թերթի աղբյուրների, «նա հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ու քննարկել Արցախի հիմնահարցի կարգավորմանն առնչվող խնդիրներ»։ «Ենթադրվում է, որ Քոչարյանը Արկադի Ղուկասյանին հրահանգել է, որ Հայաստանի դիրքորոշումն ամպրապնդելու համար Ղարաբաղը առանձին խնդիրներ ստեղծի՝ բանակցություններում Քոչարյանին խուսանավելու տեղ ստեղծելու համար», - փոխանցել է պարբերականը։

Իր հերթին, «Հայոց Աշխարհ»-ի խմբագրականը, անհավանական համարելով մինչեւ տարեվերջ ղարաբաղյան բանակցային գործընթացում բեկման հասնելու հնարավորությունը, առանձնացրել է. - «Այժմ, երբ ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ճգնում, բայց չեն կարողանում խաբել մեկը մյուսին, Ղարաբաղյան բանակցային գործընթացում մոտալուտ հանգուցալուծման հասնելու հավանականությունը նվազում է։ Ուստի, եթե նոր՝ անկանխատեսելի զարգացումներ չարձանագրվեն ներկայումս Հարավային Կովկասում ծավալվող ռուս-ամերիկյան առեւտրի մեջ, ապա մինչեւ 2006 թվականի վերջերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով սկզբունքային համաձայնության հասնելու ԱՄՆ-ի փորձերը որեւէ արդյունք չեն տա»:

Հայաստանյան մամուլի դիմագիծն ուրվագծելով` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն այսօր զուգահեռել է. - «Վախկոտ եւ կրավորական հասարակությունն ունի վախկոտ ու կրավորական ԶԼՄ-ներ»։ «Դա, իհարկե, չի նսեմացնում մեր իշխանությունների մեղքը։ Ինքնապահպանման բնազդը ստիպում է նրանց ցնցվել, երբ գովասանքից բացի՝ իրենց հասցեին որեւէ այլ բառ է հնչում։ Այդ հիվանդագին ինքնասիրահարվածությունը, իհարկե, լայնախոհության պակասի եւ ցածր ինտելեկտի դրսեւորում է», - գնահատել է գլխավոր խմբագիրն ու մասնավորեցրել. - «Ինչպե՞ս կարող է Նուբարաշենի թաղապետը նյութեր կարդալ իր թերացումների մասին։ Նա անպայման «քսի կտա» իր ավազակախումբը լրագրողի վրա։ Նա կանի դա, որովհետեւ գիտի, որ անպատիժ կմնա, մի բան էլ` լրագրողի վրա գործ սարքել կտա»։

«Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը, անդրադառնալով Հայաստանի արտարժույթի շուկային, գնահատել է. - «ՀՀ արժույթն այնքան է հզորացել, որ դոլարին այլեւս բանի տեղ չի դնում»։

«Դե, լողացող կուրսի պայմաններում ո՞վ կարող է սեփական արժույթին աքացի տալ. եթե ամրապնդվում է, ուրեմն այդպես էլ պետք է լինի», - հեգնել է մեկնաբանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG