Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մի շարք թերթեր անդրադարձել են պետական օրհներգի հանձնաժողովի որոշմանը՝ հաղթող ճանաչել Արամ Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի հիմնի մեղեդին: «Հայք»-ը դա վերնագրել է՝ «Հետմահու քծնանք Արամ Խաչատրյանին», «Առավոտ»-ը՝ «Օրհներգ ընտրվեց հրահանգով», «Ազգ»-ը՝ «Պատարագի մեղեդին վերադարձավ օրհներգի մեջ»:

Հանձնաժողովի անդամությունից հրաժարված դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը «Առավոտ»-ի հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ նախորդ փուլում չորրորդ տեղն զբաղեցրած մեղեդին այս փուլում հաղթեց, պատասխանել է. - «Նշանակում է, որ հենց սկզբից եղել է հրահանգ կամ որոշում, որն իրագործվեց աստիճանաբար: Բոլորը, ովքեր դեմ պիտի լինեին դրան՝ դուրս եկան: Իսկ մնացածների հետ կարողացան հաշտություն կնքել»:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը, այսօր քննարկելով ղարաբաղյան բանակցային գործընթացում առկա «զգուշավոր լավատեսության» շարժառիթները, մասնավորապես, շեշտադրել է. - «Չնայած ադրբեջանական բանակի կողմից սեփական հողերը ետբերելու վերաբերյալ խրոխտ հայտարարություններին, իրականում Բաքվում հիանալի հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում պարզապես գոյություն չունի։ Եվ եթե Բաքուն իսկապես ցանկանում է իր իրավազորության տակ վերադարձնել որոշ, այսպես կոչված, բուֆերային տարածքներ, ապա նա գործնականում այլ ելք չունի, քան սիրով համաձայնել Երեւանի եւ Ստեփանակերտի հետ», - եզրակացրել է մեկնաբանը։

«Հայոց Աշխարհ»-ն այսօր փոխանցել է հոկտեմբերի վերջին Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունը, որտեղ, մասնավորապես շեշտված է. - «Ռուսաստանը, ողջունելով տարբեր մակարդակներով հայ-ադրբեջանական երկխոսությունը, ելնում է այն բանից, որ հակամարտության մասնակիցներն իրենք պետք է հասնեն հակամարտության փոխընդունելի լուծման: Ռուսաստանը պատրաստ է այդ գործում ամենաակտիվ օժանդակությունը ցուցաբերել ինչպես երկկողմ առումով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, եւ դառնալ ձեռք բերված համաձայնության երաշխավորը»։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, իր հերթին, այսօր տեսակետ հայտնելով, որ «թե՛ արտգործնախարարների, եւ թե' նախագահների մակարդակներով Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկա բանակցությունները դատապարտված են», պատճառաբանել է. - «Ադրբեջանական կողմն այս պահին, ավելի քան երբեւէ վստահ է իր ուժերի եւ հնարավորություններ վրա, մինչդեռ, հայկական կողմը, թեեւ իր հնարավորությունների մեջ սնանկ է, սակայն` ոչ այնքան, որ համաձայնի բավարարել Իլհամ Ալիեւի բոլոր պահանջները»։

«Այնպես որ, շատ ավելի հավանական է, որ ադրբեջանական կողմը կաշխատի շարունակել իր սկսած գործը, որի իմաստը Հայաստանին այն աստիճան անելանելի վիճակի մեջ դնելն է, որ ստորագրի ցանկացած տարբերակի տակ։ Իսկ հայկական կողմը, ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանը, ամեն ինչ կանի այդ անելանելի վիճակից դուրս գալու բեռը իր հաջորդին ժառանգելու համար», - բխեցրել է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը:

«Իրավունք»-ի խմբագրականը, հետեւելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ մատուցվող դիրքորոշումներին, առանձնացրել է. - «ՀՅԴն տարիներ շարունակ երդվել է, որ կողմնակից է Հայաստանում ստեղծել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ»։ «Սակայն, հենց բանը հասավ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովի օրակարգ մտցնելուն, ՀՅԴ խմբակցությունը միանգամից դեմ եղավ», - շեշտել է խմբագրականն ու եզրակացրել. - «Պարզ է, որ դա հետեւանք է հերթական քաղաքական առեւտրի եւ կոչված է սպասարկելու այսրոպեական հատվածական շահը»։

«Հայկական ժամանակ»-ը այսօր գրել է, թե «շաբաթ օրը Եղեգնաձորի շրջանում որսի համար արգելված գոտում քարայծ խփելու համար բնապահպանության տեսչությունն ու ոստիկանությունը որս անելու պահին բռնել են ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին եւ նրա ընկերոջը». - «Սակայն, շուտով Զաքարյանն ազատ է արձակվել, քանի որ, ըստ պաշտոնական ձեւակերպման, քարայծին խփել է Զաքարյանի որսընկերը։ Վերջինս ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ, նյութերը հանձնվել են դատախազություն»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG