Մատչելիության հղումներ

Բրայզան հերքում է ենթադրությունը, թե ԱՄՆ-ը «հանձնել է» Վրաստանը


ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան հերքել է ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդումները, թե Վաշինգտոնը փոխել է իր դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության առնչությամբ:

Նման ենթադրությունների համար հիմք էր հանդիսացել Բրայզայի հարցազրույցը ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը, որից բխեցվել էր, թե ԱՄՆ-ը այլեւս նախկինի պես կտրուկ չէ իր դիրքորոշման մեջ` ընդդեմ Վրաստանից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախացման:

«Կոմերսանտ» թերթին Բրայզան կարծիք է հայտնել, թե խոսքը, հավանաբար, վերաբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի իր հարցազրույցի այն հատվածին, որը «վերարտադրվել է ոչ ամբողջությամբ»:

«Ես ասել եմ հետեւյալը. սկզբունքորեն, մենք չենք կարող խոսել Աբխազիայի կամ Հարավային Օսիայի ինքնորոշման ձգտման անօրինականության մասին», - պարզաբանել է Բրայզան: - «Այդ ցանկությունը համապատասխանում է միջազգային նորմերին, ինչպեսեւ` ցանկացած պետության տարածքային ամբողջականության պահպանումը: Բանակցությունների մասնակիցների նպատակը ստեղծված իրավիճակից ելք գտնելն է»:

Նա նշել է նաեւ, թե տվյալ դեպքում պատրաստի բանաձեւ չկա. -«Տեսականորեն հնարավոր են տարբերակներ՝ դաշնություն, համադաշնություն, ՄԱԿ-ի կողմից կամ անցկացված հանրաքվեի հիման վրա ընդունված որոշում»:

Միաժամանակ, նա շեշտել է, թե Աբխազիայում անցկացված հանրաքվեն չի կարող հիմք դառնալ անկախության համար, քանի որ «շուրջ 300 հազար մարդ չեն մասնակցել դրան, քանի որ այդպես էլ չեն կարողացել վերադառնալ իրենց տները»:

Ի պատասխան հարցին, թե որքանո՞վ են Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները տարբերվում, Բրայզան ասել է. - «Ռուսաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը նույնական է նրա արեւմտյան բարեկամների դիրքորոշմանը: Մենք բոլորս հանդես ենք գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին: Սակայն իրականում գոյություն ունեն տարաձայնություններ»:

Որպես այդ տարաձայնությունների օրինակ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը նշել է Վրաստանի կողմից Կոդորի կիրճում անցկացված գործողությունը. - «Մեր կարծիքով, Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը նրան տալիս է ահաբեկիչների ոչնչացման գործողություն անցկացնելու իրավունք: Կոդորի կիրճում [Վրաստանի] գործողությունները հավասարակշռված էին եւ դուրս չէին գալիս օրենքի շրջանակներից: Մոսկվան, մինչդեռ, այդ կապակցությամբ ակտիվորեն քննադատում էր վրացական կողմին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG