Մատչելիության հղումներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերին վերանայելու է էլեկտրաէներգիայի սակագինը


Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գալիք նոյեմբերին սեփական նախաձեռնությամբ վերանայելու է էլեկտրաէներգիայի գործող սակագինը:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին այդ կապակցությամբ ասաց. - «Բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել էլեկտրաէներգետիկական շուկայում: Մասնավորապես` տեղի է ունեցել (1999 թվականից ի վեր) գնաճ մինչեւ 200- 250 տոկոս: Շահագործման պահպանման ծախսերի համար նախատեսվող բոլոր նյութերը 200-250 տոկոսով թանկացել են»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում չի բացառվում, որ նոյեմբերին վերանայելու արդյունքում սակագները բարձրանան, Նազարյանը արձագանքեց. - «Ես այսօր նման պատասխանատվություն չեմ վերցնի, որեւէ կոնկրետ թիվ չեմ ասի»:

Նա վստահեցրեց, որ լինելու են բաց լսումներ:

«Չշտապենք գնահատական տալ. սպասենք, մինչեւ մեր աշխատակազմը բազմագործոն ուսումնասիրությունները կավարտի», - ասաց նա:

Արդարացված համարելով մարդկանց ակնկալիքները դոլարի փոխարժեքի նվազմանը զուգընթաց որոշ ապրանքատեսակների եւ գների նվազման առումով` Նազարյանը, այդուհանդերձ, ասաց, որ դա չի վերաբերում իրենք հանձնաժողովի կարգավորման ոլորտներին:

«Դոլար - դրամ փոխհարաբերությունները էլեկտրաէներգիայի սակագնի վրա ընդամենը 20 տոկոս մասնակցություն ունեն: Մնացած բոլորը դրամային եկամուտներ են, դրամային ծախսեր են», - փաստարկեց նա:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG