Մատչելիության հղումներ

«Հայկական ավիաուղիներ»-ի նախկին աշխատակիցները պահանջում են չվճարված աշխատավարձերը


Արդեն գոյություն չունեցող «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին աշխատակիցները փորձում են ամեն գնով ստանալ իրենց չվճարված աշխատավարձերը:

Ընկերության նախկին օդաչու Վլադիմիր Պողոսյանի հավաստմամբ, «Հայկական ավիաուղիներ»-ի սնանկ ճանաչվելուց հետո աշխատանքից հեռացվել է շուրջ 1000 մարդ: Նրա փոխանցմամբ, մեծ թիվ են կազմում նաեւ ընկերության նախկին ղեկավարների թույլ տված չարաշահումները:

«Կառավարությունն իրականացրել է մի շարք ակցիաներ` 83 դրվագներով, որոնք ընդհանուր առմամբ կարելի է որակել որպես «ավիացեղասպանություն»` քաղավիացիայի աշխատակազմի նկատմամբ», - հայտարարեց Պողոսյանը:

Աշխատավարձերի պարտքն օդաչուներին կազմում է շուրջ 190 միլիոն դրամ: Աշխատավարձի է սպասում ավելի քան 300 մարդ:

«Հայկական ավիաուղիներ»-ի նախկին աշխատակից Էդուարդ Ռեւազյանի փոխանցմամբ, 1,5 տարի առաջ վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը նախագահի հետ հանդիպելուց հետո հայտարարել էր, թե կա ծրագիր, որով պիտի մարվեն աշխատավարձերի պարտքերը. - «Անցել է տարիուկես: Ոչ մարվում է, ոչ պատասխան են տալիս, թե երբ պիտի մարեն»:

Աշխատավարձերի պարտքերը պետք է վճարվեն ընկերության գույքի վաճառքից գոյացած գումարից: Ռեւազյանը վստահեցնում է, որ պատկան մարմինները լրջորեն չեն զբաղվում այդ խնդրով, եւ որպես օրինակ վկայակոչում է աճուրդի հանված իրենց ինքնաթիռներից մեկի ճակատագիրը, որի գինը իջեցնելուց հետո անգամ գնորդ չգտնվեց. - «Այս վերջերս էլ հեռուստատեսությամբ հայտարարել են, որ այդ ինքնաթիռը չի վաճառվում. կլինի մետալալոմ»:

Էդուարդ Ռեւազյանը, սակայն, հավաստիացնում է, թե «Հայկական ավիաուղիներ»-ին պատկանող գույքի վաճառքից արդեն իսկ գոյացել է 200 միլիոն դրամ: Ընկերության աշխատակիցները դիմել են այդ գործերի պատասխանատուին` ակնկալելով, որ վճարվի գոնե պարտքի մի մասը, սակայն, Ռեւազյանի փոխանցմամբ` «Երբ իրեն դիմում ենք, ասում է չեն տալիս հրաման եւ ցույց է տալիս վերեւ... Դա ով է` չգիտեմ»:

Վկայակոչելով Հայաստանի Հանրապետության օրենքը «Անվճարունակության (սնանկության) մասին»` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի մամուլի խոսնակ Գայանե Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Օրենքը սահմանում է, որ սնանկ ճանաչված` տվյալ դեպքում «Հայկական ավիաուղիներ»-ի, ակտիվների իրացումից առաջացած գումարներից են միայն վճարվելու աշխատավարձերը: Բայց քանի դեռ մինչեւ այսօր ակտիվները զրոյի չեն հավասարեցված, այսինքն` ամբողջ գույքը դեռ վաճառված չէ, ուրիշ տարբերակներ չկան: Որեւէ լրացուցիչ վճարման այլ տարբերակ օրենքը չի նախատեսում»:

«Հայկական ավիաուղիներ»-ի նախկին օդաչու Վլադիմիր Պողոսյանը առաջարկում է պարտքերը մարելու այլ տարբերակ . - «Կուզեի առաջարկել կառավարությանը, որ իրենք իրենց վրա վերցնեն եւ մարեն օդաչուների աշխատավարձերն ու նպաստները, եւ վճարեն դրանք այն միլիոնների հաշվին, որոնք ստանում են «Հայկական ավիաուղիներ»-ի շուկայից օգտվող «Արմավիա»-ից: Վճարեք թեկուզ ձեր անձնական գրպանից` վաճառելով ձեր իսկ քոթեջները»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG