Մատչելիության հղումներ

Հայաստանից ներկայացված հայցով Եվրոպական դատարանը առաջին որոշումը կարող է կայացնել մինչեւ տարեվերջ


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից ստացված հայցով առաջին որոշումը կկայացնի, ամենայն հավանականությամբ, մինչեւ ընթացիկ տարեվերջ: Դա կարող է լինել «Ա1+» հեռուստաընկերության հայցը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Հայաստանից ստացված ու վարույթ ընդունված շուրջ երկու հարյուր հայցերից 33-ի գրավոր դատաքննությունը (Եվրոդատարան - հայցվոր - կառավարություն հարցուպատասխանների, առարկություններ ներկայացնելու փուլը) գրեթե ավարտվել է, եւ հիմա սպասում են դատարանի որոշումներին` այդ թվում նաեւ «Ա1+» հեռուստաընկերության հայցադիմումի վերաբերյալ:

Հեռուստաընկերությունը նույն խնդրի վերաբերյալ երկու հայցադիմում է ներկայացրել: Առաջին հայցով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեւորգ Կոստանյանը, դատաքննության ողջ գործընթացը սպառվել է, եւ որոշումը կկայացվի, ամենայն հավանականությամբ, մինչեւ տարեվերջ:

Իրենց հերթին սպասող մյուս դիմումները, Կոստանյանի փոխանցմամբ, տարբեր բնույթի են` քաղաքացիական եւ քրեական: Սակայն բոլոր դիմումներում էլ նշված են արդար դատաքննության իրավունքի խախտման փաստեր: 10 գործ վերաբերում է ընտրությունների ժամանակ տարբեր տեսակի վարչական պատասխանատվության ենթարկված անձանց:

Վրաստանից եւ Ադրբեջանից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսված գործերի վերաբերյալ որոշումներ արդեն կայացվել են:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG