Մատչելիության հղումներ

Նաիրա Մելքումյանը հակադարձում է Ղարաբաղից բարձրաձայնված քննադատությանը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը չորեքշաբթի օրը հակադարձեց Լեռնային Ղարաբաղից հիմնադրամի գործունեության վերաբերյալ պարբերաբար հնչող քննադատությանը:

Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչներից ոմանք իրենց դժգոհությունն էին բարձրաձայնել «Հայաստան» հիմնադրամի` Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքների որակի առնչությամբ եւ անգամ հայտարարել, թե կարելի է ձախողված համարել հիմնադրամի ծրագրերը:

«Համաձայն չեմ նման որակումների [հետ]», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը: - «Ես չգիտեմ, թե ով է մասնագիտությամբ այդ հայտարարությունների հեղինակը: Մենք ունենք շատ հստակ վերահսկողության [մեխանիզմ]»:

Նա հիշեցրեց, որ «Հայաստան» հիմնադրամը տարեկան երկու անգամ աուդիտ է անցնում` ներքին եւ արտաքին:

Այդուհանդերձ, մամուլում հրապարակվել էին անգամ Լեռնային Ղարաբաղի Հյուսիս – Հարավ մայրուղու քանդված հատվածների լուսանկարներ: Անդրադառնալով դրանց` Նաիրա Մելքումյանը բացատրեց, թե մայրուղին շահագործման էր հանձնվել 2001-ին, եւ այն ժամանակ հետավարտական ժամկետը մեկ տարի էր: Սակայն, միայն 2004-ին էր պարզվել, որ ճանապարհի մի հատվածը փլուզվում է:

Նրա փոխանցմամբ, խնդիրը բարձրացվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում. - «Եվ նախագահի կարգադրությամբ մենք գործերը ուղարկել ենք դատախազություն»:

Հավելենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, իսկ գործերը ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի դատախազություն:

«Հիմա դատախազությունը ուսումնասիրում է [գործը]», - տեղեկացրեց Մելքումյանը` եզրափակելով. - «Փակագծերում նշեմ, որ ներկայումս այդ ճանապարհը վերականգնված է»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG