Մատչելիության հղումներ

Հայ խորհրդարանականները մտահոգված են Վրաստանի տրանսպորտային շրջափակման կապակցությամբ


Երեքշաբթի օրը Երեւանում կայացած Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստում հայ խորհրդարանականները հնչեցրին իրենց մտահոգությունը Ռուսաստանի կողմից Վրաստանի տրանսպորտային շրջափակման կապակցությամբ` պնդելով, որ դա անդրադառնում է Հայաստանի տնտեսության վրա:

Ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի ձեւակերպմամբ, նիստի ընթացքում քննարկված ոչ բոլոր հարցերն էին «հարմար ու հաճելի»:

Խոսքը ռուս-վրացական լարված հարաբերությունների պատճառով Վրաստանի հետ հաղորդակցության բոլոր ձեւերի դադարեցման մասին է, ինչից, բնականաբար, տուժում է Վրաստանի տարածքով Ռուսաստան ճանապարհ ունեցող մեր երկիրը: Իսկ այդ ճանապարհը, հայ գործարարների բնորոշմամբ` մեզ «օդ ու ջրի նման պետք է»:

«Եթե փակում եք Վերին Լարսը, մեզ պետք է նախապես ասեք, որպեսզի մեր արտահանողները կարողանան այլ շուկաներ որոնել», - նիստի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հայկական կողմի համանախագահ Վահան Հովհաննիսյանը: - «Իհարկե, մեզ շատ լավ հասկանում են: Մյուս կողմից, մեկ կոլեգաները ասում են հետեւյալը` դանակը հասել է ոսկրին, եւ այլեւս մենք չենք կարող Սահակաշվիլիի ռեժիմի նկատմամբ մնալ զուսպ, չարձագանքել ամբողջ ուժով»:

«Տրանսպորտային վիճակը, սակայն, ամբողջությամբ փակուղային չէ», - այդուհանդերձ, հայտարարում է Վահան Հովհանիսյանը:

Իսկ ռուսաստանյան կողմի նրա գործընկեր Նիկոլայ Ռիժկովը, բացի այսօր գործող իրանականից, նշեց եւս երկու ուղի, որոնք դեռ կարող են Հայաստանը Ռուսաստանին կապող ավելի հարմար ճանապարհ դառնալ` լաստանավային ճանապարհը եւ աբխազական երկաթուղու վերագործարկումը:

«Բայց», - ասաց Ռիժկովը, - «եկեք անկեղծ խոսենք` մի քանի ամիս առաջ չէինք կարող վրացիների հետ համաձայնության գալ, իսկ հիմա, երբ այսպիսի հարաբերություններ են արդեն, դա որոշակի ժամանակով հարցի լուծումը հետաձգում է»:

Նիկոլայ Ռիժկովը այսօր միանշանակ հերքեց, թե, օգտվելով ռուս-վրացական լարված հարաբերություններից, Ռուսաստանը, ըստ էության, միացավ Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակմանը:

«Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է», - հայտարարեց նա: - «Մեր լավ հարաբերությունները անգամ ամենաբարձր` նախագահների մակարդակով են ապացուցվում»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG