Մատչելիության հղումներ

Ուսանողները պահանջում են պաշտպանել իրենց իրավունքները


Խոսքը պահուստային տեղերի հաշվին առանց տարկետման իրավունքի (ԱՏ) այս տարի ընդունված շուրջ 1000 ուսանողի մասին է, որոնք անկախ իրենց կամքից հայտնվել են ԱՏ համակարգում եւ չգիտեն շարունակե՞ն ուսումը, թե՞ դուրս գան:

Բանն այն է, որ այս ուսանողները վերջին օրերին են միայն իմացել, որ, ի տարբերություն մյուս բոլորի, իրենք որեւէ արտոնությունից օգտվելու իրավունք չունեն, ավելին՝ նույնիսկ գերազանց սովորելու դեպքում չեն կարողանալու վճարովիից անվճար անցնել կամ կրթաթոշակ ստանալ:

«Դա մեր իրավունքների ոտնահարում է: Ախր մենք նախօրոք չենք իմացել, որ ԱՏ-ով ենք սովորելու: Մեզ փաստի առաջ կանգնեցրեցին», - դժգոհում էին «Մաքս Լիբերտի»-ի զրուցակից ուսանողները:

Օրենքի տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է. «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետում նշված է, որ ԱՏ-ով ընդունված ուսանողները ոչ միայն պետք է զորակոչվեն բանակ, այլեւ իրավունք չունեն օգտվել այն արտոնություններից, որոնք սահմանված են պետպատվերով կամ վճարովի ընդունվողների համար: Ուստի այս համակարգում սովորելու համար հատուկ դիմած եւ ընդունված ուսանողները իրենց կամքով ստորագրել են պայմանագիր, որով համաձայնություն են հայտնել նշված պայմաններին:

Եթե նախկինում կառավարության հատկացրած ընդունելության պահուստային տեղերի մրցույթն իրականացվում էր ընդունելության բուն մրցույթից առանձին, եւ ցանկացողները դիմում եւ մասնակցում էին, ապա այս տարի քննություններից հետո վերջին պահին որոշվեց, որ կարգը պետք է փոխվի: Լրացուցիչ 1000 տեղը բաշխվեց հենց ընդունելության մրցույթի ընթացքում: Եվ ընդհանուր մրցույթից դուրս մնացած այդ դիմորդները, որոնց միավորները բավարարում էին ԱՏ-ի նվազագույն շեմին, մեխանիկորեն հայտնվեցին լրացուցիչ այդ տեղերում՝ անկախ նրանից, թե դիմել էին ԱՏ-ով սովորելու համար, թե ոչ:

Բայց, փաստորեն, ի օգուտ դիմորդի հայտարարվող նախարարության այս քայլը, այսօր շրջվել է նրանց դեմ: «Մենք ԱՏ չենք դիմել, դիմելու կարիք էլ չկար, տեղյակ չենք, թե երեխաները ինչպես հայտնվեցին այնտեղ», - նշում էին դժգոհող ծնողները: - «Վստահ էինք, որ լավ կսովորեն ու անվճար կտեղափոխվեն: Բայց պարզվում է՝ ոչ»:

Առավել անհանգստացած են հաշմանդամ եւ միակողմանի ծնողազուրկ ուսանողները, որոնք այլ համակարգով ընդունված լինելու դեպքում մեխանիկորեն էին հայտնվելու արտոնյալի կարգավիճակում. - «Նախապես իմանալու դեպքում կգերադասեի հրաժարվել ԱՏ-ից եւ բուհ ընդունվել մեկ տարի ուշ, միայն թե կարողանայի արտոնություններից եւ մանավանդ՝ մրցակցային կրթության համակարգից օգտվել: Վճարունակ չեմ, ինձ համար դժվար է 5 տարի վճարել», - նշեց միակողմանի ծնողազուրկ մի ուսանող: - «Բայց հիմա չեմ կարող թողնել ուսումս, որովհետեւ արդեն վճարել եմ մեկ տարվա վարձը»:

Անակնկալից դժգոհ ուսանողները որոշել են գրավոր դիմումներ ներկայացնել պատասխանատուներին եւ նախարարությանը` պահանջելով վերանայել որոշումը եւ մրցակցային կրթության իրավունքը տարածել նաեւ իրենց վրա:

Կրթության եւ գիտության նախարարությունից «Մաքս Լիբերտի»-ին տեղեկացրին, որ ԱՏ լրացուցիչ տեղերում հայտնված այս ուսանողների խնդիրը երբեւէ չի քննարկվել: Թեեւ նախարարությունը օրենքում ԱՏ-ով ընդունվածների մասով փոփոխություն կատարելու առաջարկ է ներկայացնելու ԱԺ, դա այս տարվա առաջին կուրսեցիներին չի վերաբերի:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG