Մատչելիության հղումներ

Եթե բանակցություններն ընդհատվեն այս փուլում, ապա Ադրբեջանը կքննարկի «ցանկացած այլ տարբերակներ»


«Պրահայի գործընթացի ձեւաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավարտական փուլն է», - արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ըստ Ադրբեջանի նախագահի, եթե «հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումը» վիժեցնի այդ փուլը, որը «ենթադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորում, այսինքն՝ ադրբեջանական տարածքներից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության համակարգի ամրապնդման համակարգի քննարկում, խաղաղարար գործողություն», ապա «ոչ Մինսկի խմբի համանախագահների եւ ոչ էլ հակամարտության կողմերի մոտ պարզապես այլեւս հնարավորություն չի մնա՝ շարունակելու հետագա բանակցությունները»:

«Ուստի, մենք գտնում ենք, որ տվյալ փուլում բանակցային գործընթացի վիժեցումը հայկական կողմից կարող է հանգեցնել բանակցությունների ընդհատման», - հայտարարել է Ալիեւը: - «Բայց մենք հասկանում ենք, որ եթե բանակցությունները կանգ առնեն, հետագայում ինչ-որ բան պետք է տեղի ունենա: Մենք չենք կարող նստել եւ ոչինչ չանել, չենք կարող սպասել, թե երբ է ինչ-որ բան տեղի ունենալու»:

«Կամ բանակցային գործընթացում ենք, կամ դրանից դուրս: Եթե մենք բանակցությունների գործընթացից դուրս ենք, ապա Ադրբեջանը իր վրայից կթոթափի բանակցությունների հետ կապված բոլոր պարտավորություննները, եւ մենք պետք է փոխենք այդ հարցում մեր ռազմավարությունը եւ մարտավարությունը», - ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, հավելել է Ալիեւը:

«Այդժամ, իհարկե, կքննարկվեն ցանկացած այլ տարբերակներ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ միաժամանակ շեշտելով, թե «գրավյալ» տարածքները ռազմական ճանապարհով ազատագրելը վերջին քայլն է, որ դիտարկում է Ադրբեջանը հակամարտության լուծման մեջ:

Ալիեւը հայտարարել է նաեւ, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից բացի այլ կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, Եվրախորհրդի եւ «Իսլամական վեհաժողով» կազմակերպության ներառումը անհրաժեշտ է հակամարտության խաղաղ կարգավորման ամբողջ ներուժը լիովին օգտագործելու համար:

Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, թե «շարունակելով հարեւանների նկատմամբ ագրեսիայի քաղաքականությունը՝ Հայաստանը ինքն իրեն դատապարտում է մեկուսացման՝ ժամանակի ընթացքում ավելի խորացնելով այն»:

«Այսօր Հայաստանը դիվանագիտական առումով պարտված երկիր է», - հայտարարել է Ալիեւը եւ շարունակել. - «Որպես երկիր՝ Հայաստանը չի կարող որեւէ հետաքրքրություն ներկայացնել, քանի որ, մի կողմից, այն աշխարհագրական փակուղի է, մյուս կողմից, այն էներգետիկ փակուղի ենք դարձրել մենք՝ մեր խողովակաշարը կառուցելով նրա շրջանցմամբ: Տրանսպորտային փակուղի այն կդարձնենք մենք՝ կառուցելով Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը»:

Ընդ որում, Ադրբեջանի նախագահը վստահեցրել է. - «Մենք դա անելու ենք՝ չնայած տարածաշրջանից հեռու գտնվող կազմակերպությունների եւ քաղաքական գործիչների բողոքներին»:

Ալիեւն ասել է նաեւ, թե «Ադրբեջանը տնտեսության եւ պաշտպանունակության արագացված զարգացում ապրող երկիր է», մինչդեռ «Հայաստանը կարող է հենվել բացառապես իր սփյուռքի օգնության վրա»:

«Մենք պետք է պայքար մղենք բոլոր ուղղություններով», - հայտարարել է Ալիեւը: - «Եվ ես խնդիր եմ դրել կառավարության, Ադրբեջանի բոլոր հայրենասերների առաջ՝ Հայաստանի դեմ պայքար մղել բոլոր ճակատներով, քանի դեռ նրանք դուրս չեն եկել մեր տարածքից: Երբ նրանք դուրս գան մեր տարածքից, կարծում եմ, մեր հարաբերությունները կվերականգնվեն, եւ մենք կշարունակենք ապրել որպես հարեւաններ»:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը ծավալուն հարցազրույց էր տվել անցած ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG