Մատչելիության հղումներ

Էրդողանը «պատմական սխալ» է որակում Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծը


«Մեծ ամոթ» եւ «խոսքի ազատության համար սեւ բիծ» է որակել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հինգշաբթի օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրենքը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանության ուրացման համար:

«Պատմական սխալ է թույլ տրվել», - «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ասել է Թուրքիայի վարչապետը:

Երկրի արտգործնախարար Աբդուլա Գյուլը, իր հերթին, օրինագծի առնչությամբ հայտարարել է. - «Թող ոչ ոք համոզված չլինի, թե Թուրքիան սա թեթեւ կընդունի»:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած օրինագծով մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է սահմանվում նրանց համար, ովքեր կժխտեն, որ 1915-17 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել:

Մինչեւ երկրի նախագահ Ժակ Շիրակի կողմից հաստատվելը օրինագիծը պետք է քննարկվի եւ քվեարկության դրվի Սենատում, իսկ վերջինի կողմից փոփոխությունների ենթարկվելու դեպքում` կրկին քվեարկվի Ազգային ժողովում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG