Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող ֆրանսիական օրենքի ընդունման փաստին` «Հայք» օրաթերթը գնահատել է. - «Ոմանք կասեն, թե սա պատմական արդարության հաղթանակն է, ոմանք կշտապեն ասել, թե հայ դիվանագիտությունը գրանցեց եւս մեկ փայլուն առաջընթաց, իսկ ոմանք էլ կրկին կսկսեն խոսել, թե շուտով թուրքերից մեր հողերը կվերցնեն ու կտան մեզ»։ Իրականում, ըստ «Հայքի», Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած որոշումը «եւս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիայի հանրության մի մասը կտրականապես դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը եւ ամեն ինչ անում է եվրոպական ընտանիք թուրքերի մուտքը կանխելու համար»։

Նույն թեման արծարծելով` «Երկիր» շաբաթաթերթի խմբագիրն այսօր հակադարձել է. - «Ամեն անգամ, երբ որեւէ երկրի խորհրդարան կամ միջազգային ատյան քննարկում է Հայոց ցեղասպանությանն առնչվող որեւէ փաստաթուղթ, թուրքական քարոզչամեքենան սկսում է տվյալ երկրի կամ միջազգային կազմակերպության դեմ կիրառել քարոզչական հատուկ գործողություններ, որոնց հիմքում ընկած են հիմնականում սուտ տեղեկատվությունն ու սուտ սպառնալիքները: Այդպես էր նաեւ 2001-ին, երբ Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքը: Նույն պատկերն է նաեւ այսօր. Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի քննարկմանը նախորդող ողջ ընթացքում թուրքական քարոզչամեքենան դարձյալ խոսում է նույն թեմաներից»:

Անսպասելի համարելով նախագահական երրորդ ժամկետից հրաժարվելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հայտարարությունը` «Հայկական ժամանակ»-ի խմբագրականն այն արտարկել է Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա. - «Լեռնային Ղարաբաղի նախագահի հայտարարությունը հրատապ է դարձնում Հայաստանի ներքաղաքական կյանքի մի շատ կարեւոր հարցի ճշգրտում. արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է 2008 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Հարցը շատ հրատապ է հատկապես Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի համար: Պաշտպանության նախարարը հիմա արդեն ակնհայտորեն տեսնում է, որ Ռոբերտ Քոչարյանը այնքան էլ ոգեւորված չէ իրեն ՀՀ հաջորդ նախագահ դարձնելու մտքից: Եվ տրամաբանությունը պաշտպանության նախարարին պետք է հանգեցնի նրան, որ Քոչարյանն ինքն է ուզում երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվել... Կարծիքներ կան, որ Քոչարյանը խթանում է «Բարգավաճ Հայաստան» - ՀՀԿ հակասությունները, որպեսզի թե առաջինը, թե երկրորդը եւ թե մնացած բոլորը հասկանան, որ իր հեռացումից հետո արյունահեղությունը անխուսափելի է դառնալու, եւ ուրեմն` հանուն դրա Քոչարյանին պետք է խնդրեն երրորդ անգամ էլ նախագահի թեկնածու առաջադրվել»:

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ինտրիգը ոչ ընդդիմություն - իշխանություն հակամարտությունն է, ոչ քաղաքական ծրագրերի եւ գաղափարների մրցակցությունը, ոչ էլ նույնիսկ «հակակրիմինալ շարժումը», - գրել է այսօր «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն ու կանխատեսել. - «Մեզ մոտ ընտրություններ չեն նախատեսվում. 2007-ին սպասվում է գործող ապաքաղաքական, քրեածին-կլանային ուժերի ռեալ հարաբերակցության տեխնիկական արձանագրում: Ահա թե ինչու են կարեւոր առաջիկա «խորհրդարանական ընտրությունները», որոնց արդյունքում կորոշվի, թե որ քրեական-տնտեսական խմբավորումներն են գերիշխում Հայաստանում։ Այդ պայմանականորեն ասած «ընտրությունների» ինտրիգը հետեւյալն է՝ ո՞վ է ղեկավարելու երկիրը, Ռոբերտ Քոչարյանը, թե՞ Սերժ Սարգսյանը»:

Պատգամավոր Հակոբ Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկելու շարժառիթները գնահատելով` «Իրավունք»-ի մեկնաբանն այսօր պարզաբանել է. - «Կարելի է փաստել, որ այժմ օլիգարխիկ կլանային բուրգը մտել է մի հանգրվան, երբ շահութաբեր մենաշնորհային բիզնեսի քվոտայից օգտվել ցանկացողների քանակը էապես գերազանցում է այդ քվոտաների ռեալ ռեսուրսը, հետեւաբար, ոմանցից ինչ-որ բաներ պետք է խլվեն։ Սակայն, Հակոբ Հակոբյանին զոհաբերելը սխալ կլինի պայմանավորել միմիայն տնտեսական դրդապատճառներով. Հակոբյանի կալանքով կարելի կլինի ի ցույց հանել՝ իբր իշխանությունը պայքարում է կրիմինալի դեմ, ու թեեւ կալանքի օգտին քվեարկողներից շատերի համեմատ նույն Հակոբ Հակոբյանին կարելի է համարել չափազանց համեստ անձնավորություն, այնուամենայնիվ, նրա քաղաքական հետապնդման շուրջ հնարավոր է դիվիդենտներ քաղել»։

«Հայոց Աշխարհ»-ի գլխավոր խմբագիրը, իր հերթին, առաջադրել է Ազգային ժողովում գլխավոր դատախազի միջնորդության հնարավոր ընթացքի իր վարկածը. - «Առանց սխալվելու առանձնակի հավանականության, կարելի է պնդել, որ գլխավոր դատախազը խորհրդարանում ստիպված կլինի երկար ու ապարդյուն արդարանալ այն բանի համար, որ ուզում է պատժել գողին։ Չնայած գլխավոր դատախազի ներկայացրած բոլոր ծանրակշիռ ապացույցներին, կրիմինալի դեմ պայքարի անհրաժեշտության մասին զօր ու գիշեր բարբառող երեսփոխանները կանեն ամեն ինչ, որպեսզի ոճիրին չհաջորդի պատիժը։ Այսինքն՝ ամեն կերպ կփորձեն ապացուցել նրանց իրավացիությունը, ովքեր պնդում են. հայրենի հակակրիմինալիստները իրականում թքած ունեն կրիմինալի դեմ պայքարի վրա. ողջ այդ աղմուկը նրանց անհրաժեշտ է քաղաքական նպատակներով»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG