Մատչելիության հղումներ

Ջոն Հոփքինսի համալսարանի փորձագետների պնդմամբ, Իրաքում 2003 թվականից ի վեր զոհվել է 655 հազար մարդ


Ջոն Հոփքինսի համալսարանի Բլումբերգի կենտրոնի մասնագետները «Լանցետ» բժշկագիտական հանդեսում հրապարակել են մի հետազոտություն, ըստ որի Իրաքում 3,5 տարի տեւող պատերազմի ընթացքում զոհվել է շուրջ 655 հազար մարդ:

Հետազոտությունն անցկացրել է Ջոն Հոփքինսի համալսարանի ամերիկացի եւ իրաքցի փորձագետների թիմը, որը ղեկավարել է Ջիլբերթ Բարնհամը:

Միացալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, թե այդ տվյալներն արժանահավատ չեն: «Ես ընդունում եմ, որ շատ անմեղ մարդիկ են զոհվել, բայց 600 հազարը իրական թիվ չէ», - ասել է Բուշը:

«Լանցետ»-ում լույս տեսած հրապարակմանն արձագանքել են նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդն եւ Իրաքում ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Ջորջ Քեյսին:

«Ես չեմ տեսել այդ հետազորությունը, բայց կարծում եմ, 665 հազարը շատ է հեռու իրականությունից: Իմ կարծիքով, զոհերի թիվը մոտ 50 հազար է, դրանից ավելի տվյալներ երբեւէ չեմ հանդիպել: Արժանահավատ չեմ համարում «Լանցետ»-ի հրապարակումը», - ասել է գեներալ Քեյսին:

Մեկնաբանները նշում են, որ բոլոր դեպքերում այդ հետազոտությունը մեծ աղմուկ է հանել: Ըստ հետազոտությունն անցկացրած փորձագետների, Իրաքում սպանվածների մեծ մասը փոխհրաձգությունների եւ ականների պայթյունների զոհ է դարձել: Լրատվական գործակլալությունները նշում են, որ եթե արժանահավատ համարել Ջիլբերթ Բարնհամի փորձագետների թիմի հետազոտության արդյունքները, ապա պետք է փաստել, որ 3,5 տարի տեւող պատերազմում սպանվել է Իրաքի բնակչության 2,5 տոկոսը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG