Մատչելիության հղումներ

Ֆրանսիան «շահագրգռված է մնում Թուրքիայի հետ երկխոսությամբ»


Երկրի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո էլ Ֆրանսիան «շահագրգռված» է մնում Թուրքիայի հետ երկխոսությամբ:

«Մենք շատ շահագրգռված ենք Թուրքիայի հետ երկխոսությամբ, ինչպես նաեւ այդ երկրի հետ մեզ կապող բարեկամության եւ համագործակցության ամուր կապերով», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, այսօր ճեպազրույցում ասել է ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչության մամլո խոսնակ Ժան-Բատիստ Մատտեին:

Նա կրկնել է երկրի կառավարության տեսակետը, ըստ որի, 1915-17 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հերքումը քրեական հանցանք համարող օրենքի նախագիծը «անհրաժեշտություն չէ եւ ժամանակավրեպ է»:

Մատտեին ընդգծել է, որ ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի այսօրվա քվեարկությունը գործընթացի միայն առաջին քայլն է, եւ հավելել է, թե յուրաքանչյուր հաջորդ քայլի ժամանակ կառավարությունը շարունակելու է ցույց տալ իր դիրքորոշումը:

Հայոց ցեղասպանության ուրացման համար մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք սահմանող օրինագիծը Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո պետք է հաստատվի Սենատի կողմից, եւ վերջինի կողմից փոփոխությունների ենթարկվելու դեպքում, մինչեւ երկրի նախագահ Ժակ Շիրակի կողմից հաստատվելը, պետք է կրկին քվեարկվի խորհրդարանի ստորին պալատում:

Թուրքիան սպառնացել է, որ օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի, մասնավորապես, ֆրանսիական ընկերություններին թույլ չի տրվի մասնակցել մեծ մրցույթներին, կարող է նաեւ բոյկոտ կիրառվել ֆրանսիական ապրանքների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG