Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ երեկ ժամը 23:35-ին Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին ազատ են արձակել «Երեւան» քրեակատարողական հիմնարկից: «Հակոբյանի հարազատներին եւ ընկերներին զգուշացված է եղել, որ նրան դիմավորելու գան սահմանափակ թվով մարդին: Ուստի, 72 ժամ անազատության մեջ պահված պատգամավորին երեկ դիմավորում էին միայն ԱԺ նախկին պատգամավոր Վրեժ Շահգելդյանն ու եւս երկու հոգի», - գրում է թերթը: Հակոբ Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցածի համար իրեն մեղավոր չի ճանաչում, եւ ինքը որեւէ խուլիգանական արարք չի արել: Հակոբյանը ուրբաթ օրը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ նիստին եւ, ինչպես ինքն է ասել, բացատրություններ է տալու իր գործընկերներին: «Իսկ այն մասին, որ նույն այդ գործընկերները պատրաստվում են նրան հանձնել արդարադատությանը, Հակոբ Հակոբյանն ասել է. - «Եթե այդպես են որոշել, ի՞նչ արած, իրենց գործն է», - գրում է «Հայկական ժամանակ»-ը:

«Քոչարյանի որոշելիքն է» վերնագրի ներքո «Հայք»-ը գրում է. - «Մեզ հասած տեղեկություններով, օրերս ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀԿ խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ՝ խնդրելով, որ իր խմբի անդամ Հակոբ Հակոբյանին չզրկեն անձեռնմխելիությունից: Սակայն Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ սա Քոչարյանի որոշելիքն է, եւ ինքն իր կուսակցության անդամին ոչնչով չի կարող օգնել: Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ կարծես թե որոշել է անպայման պատժել իր թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանի դեմ ելնողին»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, «ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ տեղի ունեցածը ակնհայտորեն փորձարկումն էր այն սցենարի, թե ինչպես կարող է Ռոբերտ Քոչարյանը հողին հավասարեցնել ՀՀԿ-ին»: «Ասել է թե՝ ամեն ինչ արվում է, որ երկրի խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, իրեն նվաստացած զգա», - գրում է թերթը:

«Ռուս-վրացական հարաբերությունների վերջին սրացումները կարող են շղթայական ռեակցիայի դեր խաղալ տարածաշրջանի մյուս երկրների համար՝ խախտելով վերջին տասնամյակում հաստատված փոխհարաբերությունների անչափ փխրուն հավասարակշռությունը», - գրել է այսօր «Հայոց Աշխարհ»-ի վերլուծաբանն ու առանձնացրել. - «Ռուսական շրջափակման հետեւանքով Վրաստանը ավելի ու ավելի է կախման մեջ ընկնում Ադրբեջանի էներգառեսուրսներից եւ Թուրքիայի տրանսպորտային մայրուղիներից։ Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ հոկտեմբերի 13-ին Բաքվում Ադրբեջանի ու Վրաստանի տրանսպորտի նախարարների հանդիպումը նպատակ ունի վերջնականապես հաստատել Կարս - Ախալքալաք երկաթուղու կառուցման ֆինանսավորման հարցը եւ շինարարությունը սկսել հենց 2007-ի հունվարից։ Այսպիսով, Ադրբեջանը շտապում է ինչ գնով էլ լինի արագացնել հստակորեն քաղաքական բնույթ ունեցող «Կարս օպերացիան», իսկ Վրաստանը որոշ ժամանակ «պոչ խաղացնելուց» հետո, հարկադրված է համաձայնել թուրք - ադրբեջանական այս բացահայտ թելադրանքի հետ»։

«Առավոտ»-ի խմբագրականը, այսօր փոխանցելով, թե վերջին օրերին Ռուսաստանում ծայր առած հակավրացական արշավին զուգահեռ իրականացվող «ռուսաստանաբնակ հայերի «զտումները» առնվազն պաշտոնապես որեւէ կերպ չեն հիմնավորվում», ընդգծել է. - «Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանը ըստ արժանվույն չի գնահատում իր ստրատեգիական «գործընկերիկին» եւ դարավոր եղբայրներին։ Սակայն, հետաքրքիր է, որ այս անգամ չհայտարարված հակահայկական արշավն այնքան էլ «պլանային» չէ եւ, փաստորեն, անմիջապես հաջորդել է Ռուսաստանի հետ քաղաքական սուր խնդիրներ ունեցող Վրաստանի պատժման գործողություններին»։

«Այն ժամանակ, երբ ռուս-վրացական հարաբերությունների բարդացումը հատկապես ծանր կացության մեջ է դրել Ռուսաստանում բնակվող վրացիներին, խնդիրներ են առաջացել նաեւ ջավախահայության համար», - գրել է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանն ու մանրամասնել. - «Վերջերս ջավախահայության, որոշ դեպքերում նաեւ վրացիների կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու մանրամասներին ծանոթանալու ցանկություններ են արտահայտվում: Մասնավորապես, Վրաստանի ջավախահայ ներկայացուցիչներից շատերը ցանկանում են ունենալ Հայաստանի քաղաքացիություն, քանի որ իրենց հիմնական եկամուտը դարձյալ կապում են Ռուսաստանի հետ: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ ամուր կապեր ունեցող վրացիներից էլ ոմանք հետաքրքրվում են Հայաստանի քաղաքացիության ձեռքբերմամբ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG