Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը խնդրում է Ազգային ժողովի նիստում քննարկել Հակոբ Հակոբյանի հարցը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր դիմել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ խնդրելով կառավարության վաղվա նիստում քննարկել Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու առաջարկը՝ պատգամավոր Հակոբ Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդագիրը քննարկելու համար:

Նախօրեին դատախազությունը հաղորդել էր, որ Հակոբ Հակոբյանն իր թիկնազորի անդամների հետ հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ գտնվող «Հայռուսգազարդ» ընկերության գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ կատարել էր խուլիգանություն, ինչից հետո պատգամավորը ձերբակալվել էր:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ ելք կարող է ունենալ Հակոբ Հակոբյանի հարցով քվեարկությունը խորհրդարանում, պատասխանեց.֊ - «Ամեն ինչ կախված է նրանից՝ կլինի՞ արդյոք միջնորդություն, թե՞ ոչ, ինչպիսի՞ հարցադրումով կլինի միջնորդությունը եւ ի՞նչ փաստարկներ կներկայացնի դատախազը»:

«Պատգամավորներն այս 3 կարեւոր հարցերի պատասխանը պիտի ունենան, հետո նոր մտածեն քվեարկության մասին»,֊ - եզրափակեց խորհրդարանի խոսնակը:

Հարցին, թե արդյո՞ք մեկուսարանում իր հետ հանդիպման ժամանակ Հակոբ Հակոբյանն ընդունել է իր մեղքը, Տիգրան Թորոսյանը պատասխանեց.֊ - «Մի քանի ժամից նա կլինի ազատության մեջ, եւ կարող եք իրեն հարցնել»:

Այսօր ժամը 23:40- ֊ին լրանում է Հակոբ Հակոբյանի ձերբակալության 72 ժամը, ինչից հետո նա, ըստ օրենքի, պետք է ազատ արձակվի:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG