Մատչելիության հղումներ

«Հայկական երկաթուղի» ընկերությունը կարող է հանձնվել վարձակալական կառավարման


«Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը 40 տարով կարող է վարձակալական կառավարման հանձնվել «օտարերկրյա ներդրողի կամ երկաթուղային ադմինսիտրացիայի»: Այսօր Երեւանում մեկնարկած ԱՊՀ եւ բալթյան պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 41-րդ նիստում այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

«Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակվել է «Հայկական երկաթուղու» զարգացման ծրագիր, եւ բանկը առաջարկում է, որ ընկերությունը հանձնվի կոնցեսիայի, որպեսզի կոնցեսիոները ներդրումներ կատարի, նոր վագոններ եւ շարժակազմեր ձեռք բերի, վերանորոգի ենթակառուցվածքները՝ գծերը եւ կամուրջները, եւ մեր գիծը պահի մշտական աշխատանքային ռեժիմում», - ասաց Անդրանիկ Մանուկյանը:

«Հայկական երկաթուղի» ընկերության կառավարման շուրջ Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ բանակցությունները ընթանում են ավելի քան 2 տարի: Կառավարության խնդրանքով Համաշխարհային բանկը ֆինանսավորել է ամերիկյան անկախ հետազոտական խմբի ներգրավումը, որը ի մի է բերել երկաթգծի հետագա զարգացման մի քանի տարբերակներ, որոնցից կառավարությունը նախապատվելի է համարել կոնցեսիոն կառավարման տարբերակը:

Փորձագետների գնահատմամբ, շահութաբերության մասին հնարավոր կլինի խոսել այն բանից հետո, երբ հայաստանյան երկաթուղին նաեւ տարանցիկի կարգավիճակ կստանա՝ գործարկվի Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ երկաթուղային կապը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Վիգեն Սարգսյանը, անհրաժեշտ ներդրումների ծավալը, փորձագիտական խմբի գնահատմամբ, կգերազանցի 100 միլիոն դոլարը:

«Հայկական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «կոնցեսիոն կառավարիչը կորոշվի միջազգային մրցույթով»:

Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղու վերաբացմանը, Արարատ Խրիմյանը հարցը կապում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ քաղաքական լարվածության թուլացման հետ. - «Վրաստան - Աբխազիա - Ռուսաստան քաղաքական իրավիճակը երբ լուծվի, այն ժամանակ էլ կկարողանանք խոսել աբխազական երկաթուղու վերաբացման մասին»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG