Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահը «այլանդակ երեւույթ» է որակում բռնությունը ընդդիմադիր գործչի նկատմամբ


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Աբրահամյանի նկատմամբ բռնությունը Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը համարում է «աhավոր այլանդակ երեւույթ»:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանի վրա հարձակվել էին կիրակի օրը առավոտյան՝ իր տան մոտ, տապալել են գետնին, հարվածներ հասցրել:

Այսօր Մամուլի ազգային ակումբում կայացած հանդիպման ժամանակ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Աբրահամյանի դեմ ուղղված ոտնձգությունը նրա քաղաքական գործունեության հետ է կապված:

Դատապարտելով կատարվածը՝ Ազգային ժողովի փոխխոսնակն ասաց, թե հենց նման երեւույթների բացառմանն է ուղղված Դաշնակցության մշակած «Թիկնազորային ծառայության մասին» օրենքի նախագիծը, որի քվեարկությունը դեռեւս տեղի չի ունեցել, քանի որ այս հարցի շուրջ գործադիր իշխանության հետ դեռ բանակցում են:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ինքը ենթադրում է, որ Աբրահամյանին ծեծի ենթարկած «սափրագլուխները» ինչ-որ մեկի թիկնազորից են, եւ ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ, ըստ Սուրեն Աբրահամյանի, ծեծողները հնչեցրել են վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. - «Սա, իհարկե, ապացուցված համարել չի կարելի, բայց ենթադրվում է, որ ինչ-որ մեկի շքախմբից են: Առնվազն ինքը՝ պարոն Աբրահամյանը, այդ ենթադրությունն արել է»:

Հովհաննիսյանը հայտնեց, որ ըստ իր լսած վարկածի, «հանցագործությունը կատարողները ասել են` «շեֆից ներողություն պիտի խնդրես»`չֆիքսելով «շեֆի» անունը»:

«Ես չեմ կարող ուղղակի հասցե նշել, թե ո՞ւմ շքախմբի անդամ կարող էին այս մարդիկ լինել, եւ ընդհանրապես, արդյո՞ք սա փորձ չէ՝ ինչ-որ մարդկանց ցույց տալու իրենց գերհավատարմությունը, նույնիսկ առանց հրամանի», - ասաց խորհրդարանի փոխխոսնակը:

Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Դաշնակցության որոշումը եւ քվեարկությունը, եթե բարձրացվի երեկ խուլիգանության համար ձերբակալված Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. - «Եթե սա փորձ է՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտը վերջապես վերացնել, կոտրել եւ օրենքը դարձնել հավասար բոլորի համար, ապա դա ողջունելի է»:

«Հակոբ Հակոբյանի դեմ անձամբ ես ոչ մի բան չունեմ, մենք ոչ մի բան չունենք, եւ մենք չենք կարող մեր վրա այսօր վերցնել դատավորի կամ դատախազի պարտավորություն, ընդունենք քննադատողի կամ արդարացնողի կեցվածք, որովհետեւ դա պետք է քննեն համապատասխան մարմինները», - հավելեց Հովհաննիսյանը:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ մինչեւ Հակոբ Հակոբյանը շատերին է հաջողվել խուսափել պատասխանատվությունից, «ինչը վատ է, հետեւաբար, չպետք է դառնա նախադեպային երեւույթ»:

Լրագրողները հարց ուղղեցին, թե արդյոք Դաշնակցության ներսում կրիմինալ ուժեր կա՞ն, հատկապես հաշվի առնելով կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Հրայր Կարապետյանի կոռումպացված լինելու շուրջ տարբեր հայտարարությունները, ինչին ի պատասխան Ազգային ժողովի փոխխոսնակը հայտարարեց. - «Ոչ մի քաղաքական կուսակցություն երաշխավորված լինել չի կարող, որ իր անդամներից մեկը այս կամ այն քրեական կամ կոռուպցիոն հանցանքի մեջ խառնված լինի: Բայց դուք կոնկրետ անուն տվեցիք, եւ կոնկրետ անվան վերաբերյալ ես ասում եմ, որ դա հերյուրանք է եւ սուտ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG