Մատչելիության հղումներ

Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կազդարարի ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի գործունեության սկիզբը


Վաղը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը երկoրյա այցով ժամանելու է Երեւան: Նախատեսվում է, որ նրա այցի առաջին օրը Հայաստանում բացվելու է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:

Այն ղեկավարելու է «Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Թադեւոսյանը հայտնեց, որ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի ստեղծումը ներառված է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի գործընկերության գործողությունների ծրագրում:

Ըստ նրա, կենտրոնի հիմնական նպատակն է լինելու՝ ավելի մատչելի եւ հնարավորին չափ ամփոփ տեղեկատվություն տրամադրել ՆԱՏՕ-ի մասին Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որոնց հետաքրքրում է Հյուսիսատլանտյան դաշինքը, դրա գործունեությունը:

Կենտրոնում տեղադրվելու է հատուկ ՆԱՏՕ-ին վերաբերող գրականություն՝ ռուսերեն, անգլերեն, մոտ ապագայում՝ նաեւ հայերեն, լինելու է նաեւ ՆԱՏՕ-ի կայքէջ անվճար այցելելու հնարավորություն, կան այլ ծրագրեր:

Արա Թադեւոսյանը նաեւ ճշտեց, որ հոկտեմբերի 11-ին ոչ թե կենտրոնի պաշտոնական բացումն է լինելու, այլ Ռոբերտ Սիմոնսն այցելելու է կենտրոն եւ «դրանով ազդարարելու է, որ կենտրոնն սկսում է գործել»:

Պաշտոնական բացման արարողությանը, որը նախատեսված է ավելի ուշ, հավանաբար, կմասնակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Կենտրոնը լիարժեք գործունեությունը կսկսի նոյեմբերի 1-ից:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG