Մատչելիության հղումներ

Պատրիկ Դեւեջյանը փոփոխություն է առաջարկել Հայոց ցեղասպանության մասին օրինագծում


Ֆրանսիայի կառավարող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության հայազգի ներկայացուցիչ Պատրիկ Դեւեջյանը փոփոխություն է առաջարկել Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծում, պնդելով, որ այն չտարածվի հետազոտողների եւ պատմաբանների վրա:

Թուրքական «Զաման» թերթի փոխանցմամբ, փոփոխությունը բաղկացած է մեկ նախադասությունից. - «Այս միջոցները չեն կիրառվում ակադեմիական եւ գիտական հետազոտությունների եւ ուսումնասիրությունների նկատմամբ»:

Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակը խորհրդարանականներին կոչ է արել ընդունել օրենքը հանուն «մարդկության արժանապատվության»:

Ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության ներկայացրած օրինագծով առաջարկվում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանությունը հերքողներին ենթարկել մինչեւ 1 տարվա ազատազրկման եւ 45 հազար եվրո տուգանքի:

Փոփոխության առաջարկին կից հայտարարության մեջ Դեւեջյանը նշել է, որ նախագիծը կկանխի սադրանքները եւ քաղաքական շահարկումները որեւէ օտարերկրյա պետության կողմից՝ ի նկատի ունենալով, առաջին հերթին, Թուրքիան:

Օրինագիծը Թուրքիայի քաղաքական շրջանակների բուռն վրդովմունքն է հարուցել: Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է նախագիծը, իսկ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ արտգործնախարար Աբդուլա Գյուլը հայտարարել են, թե օրինագծի ընդունվելու դեպքում Ֆրանսիան դուրս կմնա Թուրքիայում իրականացվող տնտեսական մեծ նախագծերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG