Մատչելիության հղումներ

Էրդողանը ֆրանսիացի գործարարներին կոչ է արել կանխել Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունումը


«Դա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խնդիր է եւ Ֆրանսիայի գործը չէ», - Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի առնչությամբ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Օրինագիծը, որը ֆրանսիական խորհրդարանում քննարկվելու է հոկտեմբերի 12-ին, 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է սահմանում նրանց համար, ովքեր կհերքեն, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերը Օսմանյան կայսրությունում ցեղասպանության են ենթարկվել:

«Եթե Թուրքիայի վարչապետը կամ որեւէ այլ նախարար, պատմաբան կամ մտավորական, մի օր գա Ֆրանսիա եւ ասի, որ դա ցեղասպանություն չէր, ի՞նչ եք անելու, մարդուն բա՞նտ եք գցելու», - թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում ֆրանսիացի մի խումբ գործարարների հետ հանդիպման ժամանակ:

Նա ֆրանսիացի գործարարներին կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել՝ կանխելու համար օրենքի ընդունումը:

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը նույնպես հայտարարել է, թե Ֆրանսիան կարող է դուրս մնալ Թուրքիայում իրականացվող տնտեսական ծրագրերից, եթե ընդունի Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրենքը:

Գյուլի խոսքերով, եթե օրենքը ընդունվի, դրանից կտուժի Ֆրանսիայի մասնակցությունը Թուրքիայում իրականացվող կարեւորագույն տնտեսական ծրագրերին, այդ թվում ատոմակայանի շինարարությանը, որի համար մրցույթը հայտարարվելու է մոտ ժամանակներս:

«Ֆրանսպրես» գործակալության հաղորդման համաձայն, Գյուլը նաեւ ասել է, թե «բացահայտորեն» զգուշացրել է իր ֆրանսիացի գործընկեր Ֆիլիպ Դուստ-Բլազիին օրենքի հնարավոր արձագանքների մասին:

«Ֆրանսիացիները կկորցնեն Թուրքիան», - հայտարարել է Գյուլը թուրքական մեկ այլ թերթի՝ «Ենի Շաֆաք»-ին:

«Ռոյթերզ» գործակալության հաղորդման համաձայն, ֆրանսիական ընկերությունները մեծ ներդրումներ են կատարում Թուրքիայում: Երկու երկրների միջեւ առեւտուրը 2005 թվականին կազմել է 10 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG