Մատչելիության հղումներ

Կառգրավվի՞ Եվրոպական համալսարանի 5 տարիների եկամուտների կեսը


Եվրոպական համալսարանի խաբված առաջինկուրսեցիների խնդիրը դրական լուծում չի ստանում: Այսօր կրթության եւ գիտության նախարարությունը վերջապես ունի ուսանողների բողոքի նամակի վերջնական գրավոր պատասխանը, որը ամրագրում է՝ 250 տղաներից բանակ չեն գնա միայն 30-ը: Ըստ դրա, կառավարության հուլիսի 13-ի որոշումը լրիվ օրինական է եւ կկիրառվի զորահավաք սկսելու պահից, այսինքն՝ հոկտեմբերի 27-ից: Ուսանողների վերջին հույսը մնաց դատարան դիմելը:

Սակայն այսքանով հարցը չի փակվում, չի փակվում նաեւ ռեկտոր Սերգեյ Բիչախչյանի հրաժարականով: Հնարավոր է, որ ոչ միայն հիմնովին փոխվի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ նախագահի գլխավորությամբ, այլ նույնիսկ բուհը ստիպված լինի հարկայինին վճարել այս տարիներին ունեցած եկամուտների 50 տոկոսը: Իսկ դա նշանակում է, որ Եվրոպական համալսարանը կարող է ուղղակի սնանկանալ:

Սեպտեմբերի 1-20-ը այս բուհում նախարարության մանրամասն ուսումնասիրությունների արդյունքները եւ դրանց հիմքի վրա՝ կառավարության հանձնարարականները իրադարձությունների նման ելք կանխորոշում են:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փոխնախարար Արա Ավետիսյանը պնդեց, որ բուհը 2001-ից գործել է օրինախախտումներով եւ կամայականություններով.

« Ի սկզբանե ակադեմիան չի ծառայում իր նպատակին: Այն կոչվել է «Եվրոպական տարածաշրջանային», այսինքն՝ հիմնական ուսանողական կազմը պետք է ձեւավորվեր այլ երկրներից: Հայաստանից պետք է լինեին շատ քչերը: Բայց փաստ է, որ այստեղ գործնականում սովորում են բացառապես ՀՀ քաղաքացիները: Ինչո՞ւ է կառավարությունն այսօր տարկետման իրավունքով քիչ՝ ընդամենը 30 տեղ սահմանել: Որովհետեւ տեղացիների թիվը, ըստ կարգի, պետք է քիչ լիներ», - նշեց Ավետիսյանը:

Մատնանշվում է նաեւ այն հանգամանքը, որ 2001 թվականին ստեղծված բուհը մինչեւ 2005 թվականը նույնիսկ լիցենզիա չի ունեցել, իսկ հավատարմագիր մինչ օրս էլ չունի: Ուստի կառավարությունը վկայակոչել է նաեւ «Հարկերի մասին» օրենքի 26-րդ հոդվածը, որի համաձայն՝ առանց լիցենզիայի գործող հաստատության եկամուտների 50 տոկոսն առգրավման ենթակա է:

Բայց ստացվում է, որ կառավարությունը 2001 թվականին այս բուհին առանց իրավական հիմքերի տվել է գործունեության իրավունք, հետո՝ բոլոր տղա ուսանողներին վերապահել է բանակից տարկետման իրավունք եւ մինչեւ կոալիցիայի փլուզումը, Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի ու կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից Սերգո Երիցյանի հրաժարականները չի էլ մտածել իրավախախտումներով գործող այս բուհում ստուգումներ կատարելու եւ մեղավորներին պատժելու մասին, ինչն անում է այսօր:

«Դրա համար պետք է ուշադրություն դարձնել, արդյո՞ք այդ ժամանակ կառավարությանն արված այդ առաջարկություններն անցել են նախարարությունում եւ ստացել են պատասխանատուների համապատասխան վիզաները», - պատճառաբանեց փոխնախարարը: Այսինքն, ըստ նրա, բոլոր հարցերը լուծվել են առանց իրենց հետ հաշվի նստելու:

Համենայնդեպս, խաբված առաջինկուրսեցիներին եւ նրանց ծնողներին որեւէ փաստարկ այսօր չի համոզում: Նրանք պահանջում են իրենց իրավունքների պաշտպանությունը, որովհետեւ գտնում են, որ ակամա հայտնվել են քաղաքական խմորումների «թիրախում»:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG