Մատչելիության հղումներ

Թուրք խաղաղապահները Լիբանան կուղեւորվեն հաջորդ շաբաթ


Թուրքական ռազմական կազմավորումները Լիբանանի հարավում խաղաղապահ առաքելություն իրականացնող միջազգային ուժերին կմիանան հաջորդ շաբաթ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, թուրքական հեռուստաընկերություներից մեկի տեղեկատվության համաձայն, որը դեռեւս չի հաստատվել թուրքական իշխանությունների կողմից, 260 զինվորներից բաղկացած ինժեներական միավորումը կտեղակայվի Լիբանանի Տիր քաղաքում:

Արդեն այսօր թուրքական Մարմարիս միջերկրածովյան նավահանգստից միջազգային խաղաղապահ ռազմածովային ուժերին միանալու կմեկնի «Գազիանտեպ» ռազմանավը:

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Թուրքիայի միանալու մասին որոշումը թուրքական խորհրդարանն ընդունել էր սեպտեմբերին:

Անցած ամիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հայտարարել էր, որ Թուրքիան Լիբանանում տեղակայելու է 1100 խաղաղապահների:

Սփյուռքահայ շրջանակները եւ, առաջին հերթին, լիբանանահայերը խիստ բացասական են արձագանքել Լիբանանում թուրք խաղաղապահների տեղակայման հնարավորությանը՝ դա թույլ չտալու պահանջով դիմելով, մասնավորապես, ԱՄՆ-ի, Լիբանանի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ղեկավարությանը:

Տիր քաղաքում, ուր պատրաստվում են մեկնել թուրք խաղաղապահները, հայ համայնք չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG